Մատչելիության հղումներ

Վազգեն Մանուկյան․ Հանրային խորհրդի վրա մեծ հարձակումներ են սկսվել


Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն այսօր հայտարարեց, որ իր ղեկավարած կառույցի վրա մեծ հարձակումներ են սկսվել։

Նա կետ առ կետ թվարկեց իրենց ուղղված քննադատությունը, թե կառույցն անիմաստ է, արդյունավետ չի աշխատում, նաև խոսվում է նաև իր հրաժարականի պահանջի մասին։

Մանուկյանը խորհրդի անդամներին առաջարկեց քննարկել այս հարցերը։

Հանրային խորհրդի նախագահի հրաժարականի հարցը վարչապետին ուղղված դիմումում բարձրացրել էր պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ հիմնավորելով, թե ապաքաղաքական կառույցի ղեկավարը քաղաքական հայտարարություններ է անում:

«Հասարակությունում միշտ էլ տեղի են ունենում անցանկալի երևույթներ․ որոշ երևույթները՝ իշխանության կողմից, որոշ երևույթները՝ ուրիշ ուժերի կողմից: Հասարակությունը պիտի դիմադրի: Դիմադրել դա չի նշանակում հեղափոխություն անել: Հանրային խորհուրդը նույն ձևի նախորդ ժամանակ էլ դիմադրում էր: Շատ անգամ էդ դիմադրությունը չէր երևում մամուլով, որովհետև մենք հանդիպումներով էինք այդ դիմադրությունը ցուցաբերում: Դիմադրում է ընդդիմությունը: Մենք այս իշխանության կամ որևէ այլ իշխանության ընդդիմություն չենք: Դիմադրում է ընդդիմությունը: Եթե մենք ընդդիմադիր քաղաքական գործիչներ ենք, ընդդիմադիր քաղաքական միավոր ենք, ապա իհարկե կարող ենք դիմադրել: Մեր կանոնադրությունը և «Հանրային խորհրդի մասին» օրենքը ասում է, որ այն խորհրդատվական մարմին է և դրա նպատակն է հասարակական փորձաքննությունը», - նշեց Վազգեն Մանուկյանը:

Խորհրդի անդամներից Արշակ Սադոյանը զարմացած էր, թե ինչու է քննարկվում նման հարց՝ Հայաստանին պե՞տք է Հանրային խորհուրդ, թե՞ ոչ։ Կառույցի գոյությունը, հիշեցրեց Սադոյանը, Սահմանադրությամբ է ամրագրված։

Նա վրդովված է Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի վերջերս արած հայտարարությունից, թե Հանրային խորհուրդն անիմաստ կառույց է՝ հիմնավորելով, թե աշխատանքի արդյունքը տեսանելի չէ հանրությանը։ Սիմոնյանը նաև տարակուսել էր, թե ինչու Մանուկյանը հրաժարական չի տալիս, եթե իրեն տեսնում է քաղաքական դաշտում:

Արշակ Սադոյանն ասաց․ - «Փոխանակ հարցներ Ալեն Սիմոնյանը՝ ի՞նչ խորհուրդներ է տվել Հանրային խորհուրդը, որ կառավարությունը, նրա նախարարությունները, Ազգային ժողովը չեն արել: Փոխանակ սա հարցնելու, հարցնում են՝ իսկ գործնականում դուք ի՞նչ եք արել»:

Խորհրդի մյուս անդամների համար նույնպես տարօրինակ է խորհրդի այսօրվա օրակարգի հարցը։ Մեկ միասնական դիրքորոշում ունեն՝ Հայաստանին պետք է Հանրային խորհուրդը, այլ հարց է արդյունավետության քննարկումը։

Խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն է տեսնում․ - «Բանալին էնտեղ է թաղված: Էդ օրենքով Հանրային խորհրդի անդամին․․․ այ, որ ասում եք հետադարձ կապ չկա, բանի տեղ չեն դնում մեր ասածները, էդ օրենքով ոչինչ պարտադրված չի»:

Վազգեն Մանուկյանը այսօր իր հրաժարականի հարցին չանդրադարձավ: Ավելի վաղ նա ասել էր, որ պատրաստ է ցանկացած պահի դիմում գրել և հեռանալ պաշտոնից, եթե վարչապետը հրավիրի իրեն ու ասի, որ իրենց համատեղ աշխատանքը չի ստացվում:


XS
SM
MD
LG