Սիմոնյան. Անհասկանալի է՝ ինչու Վազգեն Մանուկյանը հրաժարականի որոշում չի կայացնում

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանում է լրագրողների հարցերին, արխիվ

Ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը գտնում է, որ Հանրային խորհուրդն անիմաստ կառույց է։

Ըստ նրա՝ կառույցը հանրության համար կարևոր որևէ գործունեություն չի ծավալել. «Իմ քայլը» խմբակցության փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ այս հարցի շուրջ նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է իր կարծիքն ու վերաբերմունքը։

«Չի քննարկվել կառույցը լուծարելու հարցը։ Ես իմ կարծիքն եմ ասում, որ երբ նայում ես այդ կառույցի պատմությունը, հասկանում ես, որ այն որևէ պտուղ չի տվել։ Վազգեն Մանուկյանն ասում է, որ ինքը պատրաստ է հրաժարական տալ, եթե վարչապետը չի ցանկանում իր հետ աշխատել։ Նախ չեմ հասկանում, թե ինչու այսքան քննադատություններից հետո հենց ինքը նման որոշում չի կայացնում, նույնիսկ կարդացի, որ պատրաստվում է քաղաքականությամբ զբաղվել»,- շեշտեց Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարել էր, որ պատրաստ է ցանկացած պահի դիմում գրել և հեռանալ պաշտոնից, եթե վարչապետը հրավիրի իրեն ու ասի, որ իրենց համատեղ աշխատանքը չի ստացվում: Վազգեն Մանուկյանին պաշտոնանկ անելու պահանջով վարչապետին էր դիմել ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ հիմնավորմամբ, որ Մանուկյանը, զբաղեցնելով ապաքաղաքական պաշտոն, քաղաքական հայտարարություններ է անում:

Ինչ վերաբերում է Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե իր անձի համար վախենալու բան չունի, վախենում է «անպատասխանատու պոպուլիստների՝ հայրենիքի համար կործանարար քաղաքականությունից», Ալեն Սիմոնյանն ասաց՝ վախեցած մարդու ելույթ էր։ Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանի այդ վախը բնական է՝ հաշվի առնելով ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կամ նրա ընտանիքի անդամներին առնչվող տարբեր քրեական գործերի առկայությունը։ «Չէր ասելու՝ ես վախեցած եմ, որովհետև այնքան բան եմ արել, որ վախենում եմ, որ դրա մասին իմանան։ Ինձ և շատերի համար ծիծաղելի էր, որ ինքն ասում է՝ ես որոշում փոխող չեմ»,- հայտարարեց ԱԺ փոխխոսնակը։

Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ Սերժ Սարգսյանն էլ չի անցնում որևէ քրեական գործով, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Շատ մարդիկ կան, որ հիմա դեռ չեն անցնում քրեական գործերով, որովհետև իրենց հետ կապված դեռ տեղեկություններ չկան»։

Նախկին նախագահն օրերս հայտարարել էր. «88 թվականից հետո վախեցել եմ կորցնել մեր հայրենիքի մի մասը։ Հիմա էլ եմ վախենում, վախենում եմ անպատասխանատու պոպուլիստների՝ մեր հայրենիքի համար կործանարար քաղաքականությունից։ Իմ անձի հետ կապված վախենալու որևէ բան չունեմ: Եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, եթե ինձ ձերբակալելով «Մարտի 1»-ը, «Հոկտեմբերի 27»-ը կհամարվի ամբողջովին բացահայտված, եթե ինձ ձերբակալելով մեր երկրին սպառնացող վտանգները կչեզոքանան, եթե ինձ ձերբակալելով Լեռնային Ղարաբաղի բանակցությունները կվերադառնան ճիշտ ուղի, ապա թող ձերբակալեն»։