ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության՝ իմփիչմենթի գործընթացը նոր փուլ մտավ: Ներկայացուցիչների տունը քվեարկությամբ ընդունեց իմփիչմենթ հայտնելու գործընթացի մասին բանաձևը, որը համարվում է հաջորդ փուլի սկիզբը:
Փաստաթուղթն ընդունելու համար անհրաժեշտ էր պարզ մեծամասնության կողմ քվեն: 232 կոնգրեսական կողմ է քվեարկել, դեմ՝ 196-ը:
«Բանաձևն ընդունված է», - հայտարարեց Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին:
Դոնալդ Թրամփն արձագանքելով ընդունված որոշմանը՝ Թվիթերում գրել է․ «Սա վհուկների ամենամեծ որսն է Ամերիկայի պատմության մեջ»: Թրամփը նաև ասել է, թե դեմոկրատները հուսահատության մեջ են, քանի որ գիտեն՝ պարտվելու են 2020 թվականի ընտրություններում:
Կոնգրեսի լիագումար նիստում ընդունված փաստաթուղթը հնարավորություն է տալիս հրապարակել երեք հանձնաժողովների միացյալ նիստերում սեպտեմբերից սկսված փակ լսումների սղագրությունները, պաշտոնյաների հարցաքննությունների տեքստերը, որոնք գաղտնիք էին համարվում: Կոնգրեսը նաև հնարավորություն ստացավ դռնբաց լսումներ անցկացնել:
Հանրապետականները, Թրամփի վարչակազմի պաշտոնյաները ևս հակազդելու հնարավորություններ են ստացել․ նրանք էլ կարող են իրենց ընտրած պաշտոնյաներին հրավիրել լսումներին, փաստարկներ ներկայացնել, ներկա գտնվել հանձնաժողովների՝ իմփիչմենթին առնչվող նիստերին:
Քվեարկությանը հաջորդած ճեպազրույցում Ներկայացուցիչների տան հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը ասել է, թե սա հանդիսավոր օր է, և նշել․ «Հիմնադիր հայրերը հասկանում էին, որ Օվալաձև սրահում կարող է լինել մի առաջնորդ, ով հնարավոր է ստորադասի ազգային անվտանգությունը, չպաշտպանի Սահմանադրությունը, իր անձնական ու քաղաքական շահերը վեր դասի երկրի շահերից: Նրանք հասկանում էին, որ դա կարող է տեղի ունենալ, և նրանք մեխանիզմ են ապահովել դրա դեմ պայքարելու համար, և այդ մեխանիզմը կոչվում է իմփիչմենթ»:
Դատական հանձնաժողովի նախագահ Ջերոլդ Նադլերն ասել է․ «Ոչ մեկին, հանրապետական, թե դեմոկրատ, նախագահ կամ որևէ մեկին չպետք է թույլատրվի սպառնալիքի տակ դնել Ամերիկայի անվտանգությունն ու հեղինակությունը սեփական քաղաքական նպատակները սպասարկելու համար»:
Նա նշել է, որ ընդունված բանաձևը դռնբաց լսումների հիմք է ստեղծում, Ամերիկայի հանրությունն ինքը պետք է տեսնի բոլոր ապացույցները:
Հանրապետականները խայտառակություն են համարել քվեարկության արդյունքը՝ նշելով, որ այն երկկուսակցական աջակցություն չի ստացել, կողմ են քվեարկել միայն դեմոկրատները:
Ներկայացուցիչների տանը փոքրամասնություն կազմող հանրապետականների առաջնորդ Քևին ՄըքՔարթին Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսիին մեղադրել է նախկինում հայտնած դիրքորոշումը խախտելու մեջ, թե իմփիչմենթի համար պետք է երկու կուսակցությունների ներկայացուցիչների աջակցությունը:
«Այսօր երկիրը տեսավ, որ երկու կուսակցությունների քվեարկությունը դեմ է իմփիչմենթին», - հայտարարել է նա:
Քևին ՄըքՔարթին նշել է, որ հանրապետականները միշտ հավատում են ճշմարտությանը և քվեարկում փաստերի հիման վրա:
Հանրապետական Ջիմ Ջորդանը իմփիչմենթի գործընթացը համարել է ամբողջովին խայտառակ գործընթաց:
Երեկ Կոնգրեսի փակ լսումներին էր հրավիրվել Թրամփի Ազգային անվտանգության խորհրդում Ռուսաստանի ու Եվրոպայի հարցերով արդեն նախկին խորհրդական Թիմ Մորիսոնը: Լսումների նախօրեին նա հրաժարական էր տվել:
Դեմոկրատներն ու հանրապետականները տարբեր կերպ են գնահատում նրա ցուցմունքները:
Հանրապետականները ուշադրություն են հրավիրում նրա ցուցմունքների այն մասին, որտեղ նա ասել է, թե ԱՄՆ-ի ու Ուկրաինայի նախագահների հեռախոսազրույցի բովանդակությունը իրեն չի անհանգստացրել, այդ հեռախոսազրույցում ինքն անօրինական բան չի տեսնում:
Իսկ դեմոկրատները կարևորում են այն հանգամանքը, որ Մորիսոնը հաստատել է վկայությունները, որ Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը անցած ամռանը սառեցվել էր: Դա գնահատվում է ճնշում Ուկրաինայի իշխանությունների վրա՝ Ջո Բայդենի որդու դեմ հետաքննություն սկսելու համար:
Ակնկալվում է, որ Թրամփի պաշտոնանկության գործընթացի լսումներին գալիք շաբաթ Կոնգրես է հրավիրվելու անվտանգության հարցերով Թրամփի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը:
Կոնգրեսում Թրամփի պաշտոնանկության գործընթացը սկսվել էր անցած սեպտեմբերից, երբ հայտնի դարձան նրա և Ուկրաինայի նախագահի հեռախոսազրույցի մանրամասները: Ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատակիցներից մեկը զեկույց էր ներկայացրել, որ Թրամփը ճնշում է գործադրել Վլադիմիր Զելենսկու վրա, որպեսզի Ուկրաինայի իշխանությունները հետաքննեն նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդու բիզնես գործունեությունը Ուկրաինայում:
ԱՄՆ-ի գալիք տարվա նախագահական ընտրություններին դեմոկրատ Բայդենը համարվում է Թրամփի հավանական մրցակիցը:
Դեմոկրատները Թրամփին մեղադրում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ԱՄՆ-ի նախընտրական արշավում ուրիշ երկրի ղեկավարին օգտագործելու փորձի մեջ:
Հանրապետականները պնդում են, որ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության գործընթացը միայն դեմոկրատների միակուսակցական նախաձեռնությունն է, արդարացի չէ և նպատակ է հետապնդում տապալել 2016-ի ընտրություններով ձևավորված վարչակազմը: