Մատչելիության հղումներ

Թրամփի պաշտոնանկության գործընթացը կարող է նոր փուլ մտնել


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության հետաքննությունը նոր փուլ է մուտք գործում:

Այսօր երեկոյան Ներկայացուցիչների պալատում քվեարկության կդրվի նախօրեին Կոնգրեսի ընթացակարգային հարցերի հանձնաժողովի կողմից հաստատված փաստաթութը, որը Վաշինգտոնում Թրամփի պաշտոնանկության գործընթացի ֆորմալ սկիզբ են անվանում:

Նախագծով հստակեցվում են այն կանոնները, որոնց համաձայն կընթանան Թրամփի պաշտոնանկության շուրջ լսումները: Եթե նախագիծը հաստատվի, Թրամփի պաշտոնանկության գործընթացը նախաձեռնած հետախուզության հարցերի կոնգրեսական հանձնաժողովը հնարավորությունը կստանա դռնփակ լսումներից անցնել հրապարակային քննարկումների, և բացի այդ, իրավունք կստանա հրապարակել դռնփակ քննարկումների ժամանակ տրված ցուցմունքների սղագրությունները:

Նախագիծը նաև հնարավորություն կտա Կոնգրեսի իրավական հարցերի հանձնաժողովին պաշտոնական մեղադրանք առաջադրել երկրի նախագահին:

Դեմոկրատ կոնգրեսականները արձանագրում են, որ Թրամփի իմփիչմենթի գործընթացը տարբերվում է նախորդ տասնամյակներում անցկացված նմանատիպ պրոցեսներից նախևառաջ այն պատճառով, որ կոնգրեսականներն ինքնուրույն են անցկացնում ողջ հետաքննությունը:

«Լուրջ ապացույցներն են առկա, որոնց համաձայն նախագահը խախտել է Սահմանադրության դրույթները: Ի տարբերություն նախագահներ Նիքսոնի և Քլինթոնի պաշտոնազրկման գործընթացների, այս անգամ գործը քննող անկախ դատախազ չի նշանակվել: Գոյություն չունի որևէ զեկույց, որի վրա հիմնվելով Կոնգրեսը կկարողանա որոշում կայացնել` արդյոք Ուկրաինայի հետ կապված պատմության պատճառով անհրաժե՞շտ է նախագահ Թրամփին պաշտոնանկ անել, թե՞ ոչ: Դա է պատճառը, որ հետախուզության հարցերով հանձնաժողովը սեփական ուժերով է ապացույցներ հավաքում և լսումներ կազմակերպում: Ողջամիտ գաղտնիությունը ևս կենսական նշանակություն ունի, որպեսզի ցուցմունքները նախապես չհամաձայնեցվեն, իսկ վկաները չենթարկվեն անօրինական ճնշումների», - նշում էր Ներկայացուցիչների տան ընթացակարգային հարցերի հանձնաժողովի նախագահ, Մասաչուսեթսից ընտրված դեմոկրատ Ջիմ ՄըքԳովերնը:

Ներկայացված փաստաթուղթը որոշ առումներով ձեռնտու է նաև հանրապետականներին: Թրամփի աջակիցները, իմփիչմենթի հրապարակային գործընթացի դեպքում, հնարավորություն կունենան լսումների հրավիրել իրենց վկաներին: Չնայած դրան, նախագահ Թրափի կուսակիցները շարունակում են քննադատել սեպտեմբերին մեկնարկած իմփիչմենթի գործընթացը:

«Ըստ իս, այս ողջ գործընթացը արդար չէ, այն բաց ու թափանցիկ չէ: Այն ընթանում է սահմանափակ և քողարկված պայմաններում: Ազնվորեն խոստովանեմ, որ իմ կարծիքով, մենք շարժվում ենք դեպի կանխորոշված արդյունք», - հայտարարել է Օկլահոմայից ընտրված հանրապետական Թոմ Քոուլը:

ԱՄՆ նախագահի պաշտոնանկության հիմքերի ուսումնասիրությունը Կոնգրեսում մեկնարկեց այն բանից հետո, երբ հայտնի դարձան Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցի մանրամասները: Անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկի պաշտոնական բողոքի համաձայն, այդ զրույցի ընթացքում Սպիտակ տան ղեկավարը փորձել էր ճնշում գործադրել իր ուկրաինացի պաշտոնակցի նկատմամբ` համոզելով նրան, որ պաշտոնական Կիևը սկսի հետաքննել նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի և նրա որդու՝ Ուկրաինայի տարածքում ծավալած բիզնես գործունեությունը:

XS
SM
MD
LG