Ուկրաինան անդամակցելու է ՆԱՏՕ-ին․ Ստոլտենբերգ

Ուկրաինա - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ելույթի ժամանակ, Օդեսա, 30-ը հոկտեմբերի, 2019թ․

Ուկրաինայի անդամակցության հարցը շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի օրակարգում: Նախօրեին Օդեսայում` այստեղ 1944 թվականից գործող Ազգային ծովային ակադեմիայի կուրսանտների և դասախոսների հետ հանդիպման ժամանակ, նման հայտարարությամբ հանդես եկավ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Ուկրաինան անդամակցելու է ՆԱՏՕ-ին: Այդ որոշումը մենք կայացրել ենք դեռ 2008 թվականին` Բուխարեստի գագաթնաժողովի ընթացքում: Այդ որոշումն այսօր էլ շարունակում է ուժի մեջ մնալ: Եվ մենք այդ որոշումը բազմիցս վերահաստատել ենք», - հայտարարում էր Ստոլտենբերգը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ուկրաինա էր ժամանել նախօրեին` դաշինքի անդամ պետությունների մի քանի տասնյակ դեսպանների ուղեկցությամբ: ՆԱՏՕ-ի պաշտոնյաների փոխանցմամբ՝ այցի գլխավոր նպատակը դաշինքի կողմից Ուկրաինային ցուցաբերվող աներկբա աջակցությունը մեկ անգամ ևս ընդգծելն է: Ստոլտենբերգի խոսքով՝ եթե ուկրաինացիներն իրոք ուզում են անդամակցել ՆԱՏՕ-ին, ապա նախ պետք է երկրի զինված ուժերը հետևողականորեն համապատասխանեցնեն դաշինքի չափանիշներին, ինչպես նաև լուրջ ուշադրություն դարձնեն բարեփոխումների իրագործմանը:

«Բարեփոխումների վրա կենտրոնանալը անդամակցությանը հասնելու լավագույն ձևն է», - նշում էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը` դիմելով Օդեսայի Ազգային ծովային ակադեմիայում հավաքված հարյուրավոր երիտասարդներին:

Այցի ընթացքում Ստոլտենբերգը պարբերաբար ընդգծում էր, որ նոր երկրների ընդգրկումը ՆԱՏՕ-ի կազմում բացառապես անդամակցության հայտով դիմած պետության և կազմակերպության անդամների խնդիրն է: «Երրորդ պետությունները այդ գործընթացի վրա ազդել չեն կարող», - նշում էր Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը` չխուսափելով նաև մատնանշել, թե որն է այդ երրորդ պետությունը:

«Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանը պետք է որոշի` արդյոք Ուկրաինան անդամակցելու է ՆԱՏՕ-ին, թե ոչ: Ռուսաստանն այս հարցում որևէ անելիք չունի, նրանք չունեն որևէ իրավական հիմք` նման որոշման վրա ազդելու համար», - հայտարարում էր Յենս Ստոլտենբերգը: