Մատչելիության հղումներ

Զելենսկի. «Անդամակցությունը ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին շարունակում է մնալ Կիևի օրակարգում»


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին (Ձ) և ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը համատեղ մամուլի ասուլիսում:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին (Ձ) և ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը համատեղ մամուլի ասուլիսում:

«Ուկրաինան շարունակելու է շարժվել Հյուսիսատլանտյան դաշինքին և Եվրամիությանը անդամակցելու ուղղությամբ», - նախօրեին Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Ուկրաինայի ռազմավարական կուրսը` հասնել Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին լիիրավ անդամակցությանը, անփոփոխ է: Վերջերս մենք այդ նպատակները ամրագրել ենք նաև Ուկրաինայի սահմանադրության տեքստում: Դա է մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունը: Ուկրաինայի առաջընթացը կենսամակարդակի և անվտանգության եվրոպական չափանիշերի ուղղությամբ մեր հանրության գլխավոր պահանջն է», - նախագահ ընտրվելուց հետո առաջին արտերկրյա այցի շրջանակներում հայտարարել է Վլադիմիր Զելենսկին:

Անդրադառնալով երկրի արևելյան շրջաններում տիրող կացությանը` Ուկրաինայի նորընտիր նախագահը նշել է, որ Կիևը կբանակցի Մոսկվայի հետ` չմոռանալով սակայն սեփական պաշտպանունակության ամրապնդման մասին․ - «Մենք պատրաստ ենք բանակցել Ռուսաստանի հետ: Մենք պատրաստ ենք կյանքի կոչել Մինսկի համաձայնագրերը: Բայց նաև և առաջ մենք պետք է ի վիճակի լինենք պաշտպանել ինքներս մեզ և հզորանալ»:

Նշեմ ի դեպ, որ այն նույն ժամերին, երբ Վլադիմիր Զելենսկին հանդիպում էր ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, իրադրությունը Դոնբասում կտրուկ կերպով սրվեց: Ուկրաինայի պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն, Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններում գործող զինված խմբավորումները երեքշաբթի օրը շփման գծի մի շարք հատվածներում կրակ են բացել ուկրաինական դիրքերի ուղղությամբ` սպանելով չորս և վիրավորելով ևս չորս զինծառայողների:

Ուկրաինայի նախագահը շփման գծում ստեղծված կացությանը անդրադարձավ Բրյուսելից՝ սոցիալական ցանցերի միջոցով:

«Ցանկանում եմ դիմել Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը և Դոնբասում գործող օկուպացիոն զորքերի հրամանատարությանը: Հակամարտության սրումը Մինսկում բանակցությունների վերսկսման լավագույն ֆոնը չէ: Այսօր մենք մեր եվրոպացի գործընկերների հետ կքննարկեն ուժի այս բացահայտ ցուցադրությունը, իսկ Մինսկ ժամանած ուկրաինական պատվիրակությունը կհիշեցնի մեզ հետ ուժի դիրքերից խոսելու անթույլատրելիության մասին», - Ֆեյսբուքի իր էջում գրել է Զելենսկին:

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յեսն Ստոլտենբերգը Ուկրաինայի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ևս դիմում էր Ռուսաստանի իշխանություններին` մեկ անգամ ևս հիշեցնելով, որ Մոսկվան չի կարող որևէ ազդեցություն ունենալ ՆԱՏՕ-ի կազմում նոր պետությունների ընդգրկման գործընթացի վրա․ - «Կարևոր ուղերձը հետևյալն է` միայն ՆԱՏՕ-ին անդամակցել ցանկացող երկիրը և դաշինքին մաս կազմող 29 պետություններն են իրավասու որոշել՝ այս կամ այն պետությունը կարո՞ղ է մաս կազմել, թե՞ ոչ: Որևէ երրորդ պետություն այդ գործընթացին միջամտել չի կարող, քանի որ դա ինքնիշխան պետության ինքնիշխան որոշումն է, թե ինչ ճանապարհ ընտրել», - հայտարարել է ում էր ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը:

Վլադիմիր Զելենսկու բրյուսելյան օրակարգի մյուս կարևորագույն հատվածը բանակցություններն են Եվրամիության ղեկավարաների հետ: Այս պահին ընթանում է Ուկրաինայի նախագահի հանդիպումը ԵՄ անվտանգության և արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Ավելի վաղ Զելենսկին հանդիպել էր Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին, որը ժամանակին մի քանի անգամ պնդել էր, թե Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն իր ընկերն է:

«Պորոշենկոյին չե՞ք կարոտել, չէ՞ որ նա ձեր ընկերն էր», - լրագորղներից մեկի հարցին ի պատասխան Յունկերը, ցույց տալով Զելենսկուն, պատասխանել է․ - «Բայց ես արդեն նոր ընկեր ունեմ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG