Ցեղասպանության ճանաչումը միավորեց դեմոկրատներին և հանրապետականներին. ամերիկյան մամուլ

ԱՄՆ Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում, արխիվ

«Եզակի դեպք, երբ դեմոկրատներն ու հանրապետականները համակարծիք են», - այսպես է ամերիկյան մամուլը բնութագրում նախօրեին Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տանը կայացած քվեարկությունը:

«Բանաձևի ընդունումը Կապիտոլիումում արձանագրված երկկուսակցական փոխհամաձայնության եզակի մի օրինակ էր: Դա տեղի ունեցավ իմփիչմենթի հիմքերի հետաքննության ֆոնին, երբ պառակտումը երկու կուսակցությունների միջև է՛լ ավելի է խորացել», - գրում է այսօր The New York Times-ը:

«Երբ բանաձևն ընդունվեց, արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ներկայացված ամենաբարձրաստիճան հանրապետականը` Տեքսասից ընտրված Մայքլ ՄըքՔոուլը, որ վերջին շաբաթներին դեմոկրատների հետ իմփիչմենթի թեմայով թեժ բանավեճերի մեջ է, հատեց դահլիճը, գրկախառնվեց խոսնակ Նենսի Փելոսիի հետ և սեղմեց Ադամ Շիֆի ձեռքը», - գրում է The New York Times-ը:

Հիշեցնենք, որ Լոս Անջելեսի հայկական շրջաններից ընտրված Ադամ Շիֆը Դոնալդ Թրամփի պաշտոնանկության գործընթացի գլխավոր նախաձեռնողներից մեկն է:

Անդրադառնալով երեկվա քվեարկությանը՝ թերթը նաև գրում է․ - «Սիրիայի հյուսիսում Թուրքիայի արյունալի հարձակումների ֆոնին որոշ օրենսդիրներ մտահոգիչ զուգահեռներ են անցկացնում Հայոց ցեղասպանության և քրդական ուժերի կողմից հնչեցվող դառնագին զգուշացումների միջև, որոնց համաձայն՝ ամերիկյան զորքերի դուրսբերումը կարող է հանգեցնել էթնիկ զտումների»:

«[Բանաձևի շուրջ] ողջ դինամիկան փոխեց նախագահ Թրամփը` ընդամենը մեկ հեռախոսազանգով, երբ առանց Կոնգրեսի հետ խորհրդակցելու, Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ զրույցի ժամանակ համաձայնեց դուրս բերել ամերիկյան ստորաբաժանումները Հյուսիսային Սիրիայից` հնարավորություն տալով թուրքերին գրոհել տարածաշրջանում ամերիկացիների գլխավոր դաշնակիցը հանդիսացող քրդերի հենակետերը», - գրում է The Washington Post-ը:

Թերթի գնահատմամբ՝ բանաձևի ընդունումը վկայեց, որ թուրքական կողմի տարիներ շարունակ ձեռնարկած հակաքայլերը արդյունավետ չէին:

«Այս անգամ հանրապետականներից միայն 11-ը ականջալուր եղան [բանաձևի ընդունման դեմ հնչող փաստարկներին]: Նրանց մեծամասնությունը Սպիտակ տան ամենահավատարիմ դաշնակիցներն էին», - գրում է The Washington Post-ը՝ նշելով, որ դրանցից մեկը Ներկայացուցիչների տան նորաթուխ անդամ, փոխնախագահ Մայք Փենսի եղբայր Գրեգ Փենսն է:

Թրամփին աջակցող լրատվամիջոցներն այսօր քննադատում են դեմոկրատ կոնգրեսականներին, որոնք երեկ ձեռնպահ էին քվեարկել: Քննադատության հիմնական թիրախը Մինեսոտայից ընտրված կոնգրեսական, սոմալիական ծագում ունեցող 38-ամյա Իլհան Օմարն է:

«Իր դիրքորոշումը հստակեցնող հայտարարության մեջ Օմարն անգամ կասկածի տակ է առնում մեկ դար առաջ օսմանցի թուրքերի կողմից հայերի սպանությունների փաստը», - գրում է Fox News-ը: «Ցեղասպանության համար պատասխանատվությունը և դրա ճանաչումը չպետք է քաղաքական պայքարի առարկա դառնան: Դրանք պետք է հիմնված լինեն գիտական կոնսենսուսի վրա` աշխարհքաղաքական քաշքշուկից հեռու», - Օմարի խոսքերն է մեջբերում Fox News հեռուստակայանը:

The Boston Globe-ի գնահատմամբ ևս՝ Սպիտակ տան վերջին գործողությունները դարձան այն հիմնական խթանը, որի շնորհիվ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, ի տարբերություն նախորդ տարիների, Կապիտոլիումում լուրջ հակազդեցության չարժանացավ:

«Ընդամենը մի քանի շաբաթում Թրամփի կողմից քրդերին լքելու հետևանքով ծագած ցասումը հանգեցրեց հանրապետականների և դեմոկրատների հազվադեպ միավորման», - գրում է The Boston Globe-ի հոդվածագիրը:

«Չնայած ցեղասպանության ճանաչման բանաձևը Սենատի օրակարգում ընդգրկելու ծրագրեր առայժմ չկան, այնուհանդերձ, 405 կողմ, 11 դեմ ձայների հարաբերակցությամբ քվեարկությունը շատ լուրջ մի ուղերձ էր», - կոնգրեսական Ադամ Շիֆի խոսքերն է մեջբերում The Los Angeles Times-ը:

«Այսօր թուրքական լոբբին շատ քիչ բարեկամներ ու դաշնակիցներ ունի», - Շիֆի խոսքերն է մեջբերում թերթը:

«Տարիներ շարունակ թուրքական կառավարությունը հաջողությամբ էր կիրառում լոբբիստական ջանքերը` կանխելով կոնգրեսական բանաձևերի ընդունումը», - գրում է USA Today պարբերականը` հիշեցնելով «ազդեցության բարդ լծակների վրա հիմնված այն արշավների մասին, որոնց թիրախում ԱՄՆ նախագահներն ու օրենսդիրներն էին»: Այդ ամենը, սակայն, պարբերականի գնահատմամբ, այլևս անցյալում է:

«Ամերիկյան պատժամիջոցները և ցեղասպանության բանաձևը կրկնակի հարված դարձան Թուրքիայի համար», - USA Today-ի հետ զրույցում նշում է Վաշինգտոնում գործող Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Բյուլենթ Ալիռիզան:

The Wall Street Journal-ը մեջբերում է հայկական և ասորական արմատներ ունեցող կոնգրեսական Աննա Էշուի` քվեարկությունից անմիջապես հետո Twitter-ում արած գրառումը: «Ես այս օրվան սպասել եմ 27 տարի` Կոնգրեսի անդամ ընտրվելու պահից», - գրել է Էշուն: