«Մենք Մարտի 1-ի վերապրածներից ենք»․ 2008-ի մարտյան իրադարձությունների ժամանակ ընդդիմադիր ակտիվիստ Խաչիկ Գասպարյանը հույս ունի, որ 11 տարի անց վճռաբեկ դատարանն ի վերջո կարդարացնի իրեն։ Հիշում է՝ 2008-ի իրադարձություններին Ազատության հրապարակում երկու վրան էր տեղադրել, որտեղ գիշերում էին նաև ընտանիքի անդամները։
«Վրանում մենք երևի մի 40-50 հոգի կլինեինք, տղամարդիկ էլ կային, նույնիսկ իմ ընտանիքի անդամներն են եղել, մայրս էլ ա եղել: Ինձ համար Մարտի 1-ը եղել է, ինչպես պատմում են մեր պապերը, 37 թիվն ա եղել․ ջարդ, կոտորած, բռնի կերպով մարդկանց հալածել, մի զարհուրելի վիճակ էր», - ասաց Գասպարյանը:
Գլխավոր դատախազությունը երեկ դիմել է վճռաբեկ ատյան՝ խնդրելով բեկանել 2008-ից հետո ակտիվիստներ Խաչիկ Գասպարյանի և Դավիթ Մաթևոսյանի քրեական գործերը։ Նրանք երկուսն էլ մեղավոր են ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։
«Պատկերացրեք, դատի ժամանակ ոստիկանին հարցնում են՝ «Գասպարյան Խաչիկը ինչպե՞ս է Ձեզ հարվածել», ոստիկանը պատասխանում ա՝ «Գասպարյան Խաչիկն ո՞վ ա», պատկերացնո՞ւմ եք ինչ շինծու, ինչ թատերական բեմում էինք մենք էն ժամանակ հայտնվել», - նշեց Գասպարյանը:
2008-ին նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները բողոքի ակցիաներ էին նախաձեռնել և պահանջում էին չեղարկել քվեարկության արդյունքները, ըստ որոնց, նախնական տվյալներով նախագահ էր ընտրվել Սերժ Սարգսյանը։
Բողոքի ակցիաները, սակայն, վերածվեցին բախումների, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ, այդ թվում ոստիկանական զորքերի 2 ծառայողներ։ Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանները Ազատության հրապարակում զենք-զինամթերք փնտրելու գործողություններ նախաձեռնեցին, ինչի հետևանքով ձերբակալվեցին հարյուրավոր մարդիկ։ Նախագահի ընդդիմադիր թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի աջակիցներ Դավիթ Մաթևոսյանն ու Խաչիկ Գասպարյանը ևս ձերբակալվածների թվում էին: Արյունալի իրադարձություններից հետո Լևոն Տեր-Պետրոսյանի հարյուրավոր կողմնակիցներ դատապարտվեցին ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու, զանգվածային անկարգության մասնակցելու, ապօրինի զենք-զինամթերք պահելու, կրելու կամ փոխադրելու համար։
«Մեզ հետապնդեցին ոստիկանները, և՛ զինվորականները, և՛ քաղաքացիական հագուստով մինչև Մամուլի շենքի մոտ, այն ժամանակ ավտոբուսներով և միկրոավտոբուսներով ոստիկանները հարձակվեցին, մենք մի 7-8 հոգի կլինեինք, հարձակվեցին մեզ վրա էլեկտրաշոկերով, իրանց դուբինկաներով», - պատմեց Խաչիկ Գասպարյանը:
Անցած տարվա իշխանափոխությունից հետո արդեն 5 անձանց գործերի վերաբերյալ վճռաբեկ բողոքներ են ներկայացվել։ Դատախազությունը պահանջում է բեկանել դրանք, քանի որ ուսումնասիրելով դրանք՝ խախտումներ են հայտնաբերվել։ Արդեն մեկ գործ՝ Մուշեղ Սաղաթելյանի գործը վճռաբեկը հետ է ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ Մյուս երկուսի՝ Արամ Բարեղամյանի և Սմբատ Այվազյանի գործերն էլ վարույթ է ընդունել և այժմ քննություն է տարվում։
ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ, դատախազ Արսեն Մարտիրոսյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ ուսումնասիրում են 2008-ի իրադարձություններից հետո դատապարտված ավելի քան 100 անձանց գործեր։
«Դատախազությունում քրեական գործերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ այդ անձանց առաջադրված մեղադրանքները հստակ չեն: Մեղադրանքի հիմքում դրվել են բացառապես նշված տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանների ցուցմունքները, դատարանները մերժել են անձանց միջնորդությունները վկաներ հրավիրելու և դատարանում հարցաքննելու, որով, ըստ էության, կփաստարկվեր նրանց կողմից բերված պատճառաբանությունները, ինչն էլ Եվրոպական դատարանը մուշեղ Սաղաթելյանի վերաբերյալ քրեական գործով գնահատել է որպես արդար դատաքննության իրավունքի խախտում: Դատարանները այս մեր ներկայացրած միջնորդությունները մերժել են, ինչպիսի պայմաններում կայացվել են դատական մեղադրական ակտեր», - նշեց Մարտիրոսյանը:
Ազատամարտիկ Խաչիկ Գասպարյանը հիշում է՝ ինչպես ոստիկաններն իրեն ծեծի ենթարկեցին, բայց դատարանը մեղավոր ճանաչեց իրեն՝ ոստիկաններին որակելով որպես տուժողներ։
«Էն ժամանակ իրենց դատաբժիշկն էր այդպես ասում, էն ժամանակների իշխանությունների: Արձանագրել են ոչ ծանր, փաստորեն ջարդվածքները, ուղեղի ցնցումը, կողոսկրերի ջարդելը նրանց համար ծանր չի եղել», - ասաց ազատամարտիկը:
Գասպարյանը դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման՝ նրա դեմ ցուցմունք էր տվել երեք ոստիկան։