Մատչելիության հղումներ

Երևանի դատարանը սկսեց Մուշեղ Սաղաթելյանի գործով նոր քննությունը


Մուշեղ Սաղաթելյանը դուրս է գալիս բանտից, Երևան, 24-ը նոյեմբերի, 2010թ․
Մուշեղ Սաղաթելյանը դուրս է գալիս բանտից, Երևան, 24-ը նոյեմբերի, 2010թ․

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր սկսեց 2008-ի մարտի 1-ի արյունալի իրադարձություններից հետո դատապարտված Մուշեղ Սաղաթելյանի գործով նոր քննությունը: Սա մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ դատապարտված ընդդիմադիրներին արդարացնելու պահանջով առաջին գործն է:

Ավելի վաղ Վճռաբեկ դատարանն ամբողջությամբ բավարարել էր Սաղաթելյանի գործով Երևանի քրեական դատարանի և վերաքննիչ քրեական դատարանի 2008-2009 թվականներին կայացրած դատական ակտերը նոր հանգամանքներով վերանայելու գլխավոր դատախազի բողոքը։ Վճռաբեկը բեկանել էր դրանք՝ գործն ուղարկելով Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

Իսկ դրանից առաջ էլ՝ 2018-ի սեպտեմբերին «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կայացված վճռով արձանագրել էր Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի քանի հոդվածներով նախատեսված իրավունքների խախտում: ՄԻԵԴ-ի այս որոշումն ուժի մեջ է մտել 2018 թվականի դեկտեմբերի 20-ին, ինչը որպես նոր հանգամանք հիմք ընդունելով՝ գլխավոր դատախազը ներկայացրել էր վճռաբեկ բողոք։

Եվրոպական դատարանը «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով արձանագրել էր Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի քանի հոդվածների, մասնավորապես՝ խոշտանգումների արգելման, ազատության և անձնական անձեռնմխելիության, արդար դատաքննության, հավաքների ազատության իրավունքների խախտումներ։

Սաղաթելյանի փաստաբան Սեդա Սաֆարյանն այսօր ասաց՝ այստեղ կարևորվելու է արդար դատաքննության իրավունքի վերականգնումը:

«Մուշեղ Սաղաթելյանի գործով բազմաթիվ միջնորդություններ ենք ներկայացրել վկաներ քննելու, որոնք վերաբերում են Սաղաթելյանին Մամուլի տան մոտ ակնհայտորեն խոշտանգելու, նվաստացնելու հանգամանքներին, և դրանից են կախված նաև մնացյալ խնդիրները, որովհետև բերման ենթարկելու արձանագրություններում արձանագրվում է, որ չի ենթարկվել իշխանության ներկայացուցիչներին, բերման են ենթարկել, այսպես ասած, կամովին չներկայանալու հիմքով: Մինչդեռ այդ վկաները կարող են հաստատել, թե ինչ է տեղի ունեցել մամուլի շենքի մոտ, և հաստատեն մեր այն պնդումները, որ բացարձակապես դատավարական փաստաթղթերը կեղծվել են վարույթն իրականացնող մարմինների և հետաքննության մարմինների կողմից, և էդ կեղծիքներ կատարելը եղել է, էսպես ասեմ, մասսայական բնույթ ունեցող իրավիճակ, պայմանավորված էր նաև մարտի 1-ին և մինչև մարտի 1-ը նախապատրաստման և իրականացման, ինչպես նաև մարտի 1-ից հետո այդ ամենը դատական համակարգի միջոցով մարսելու հանգամանքների հետ», - ասաց Սաֆարյանը՝ շարունակելով․ - «Եվ գտնում եմ, որ էդ ամբողջ շղթայում շատ կարևոր է, որ էս բոլոր հանգամանքները վեր բարձրացվեն, և պարզենք, թե ոստիկանները, ովքեր համատարած ցուցմունքներ են տվել գրեթե հարյուրի հասնող քաղբանտարկյալների գործերով, ինչու են շահագրգռված եղել նման ցուցմունքներ տալու, ինչպես է եղել, որ իրականում արարքներ կատարած ոստիկանության աշխատողները, ովքեր բռնության են ենթարկել ժողովրդին, հանկարծ դարձան այս գործով տուժողներ»:

Նախագահի ընդդիմադիր թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի Շիրակի մարզի ներկայացուցիչ, կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը ձերբակալվել էր 2008-ի մարտի 1-ին: Նույն տարվա հոկտեմբերին դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման և 900 հազար դրամ տուգանքի` մեղավոր ճանաչվելով սառը զենք կրելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն կիրառելու համար: Դատավարության ողջ ընթացքում Սաղաթելյանը չէր ընդունել առաջադրված մեղադրանքները: Ազատ է արձակվել վաղաժամկետ՝ 2010-ի նոյեմբերին:

Այսօրվա դատական նիստը դատավոր Մեսրոպ Մակյանը հետաձգեց՝ Մուշեղ Սաղաթելյանի առողջական վիճակի մասին բժշկական անհրաժեշտ փաստաթղթեր ստանալու համար: Սաղաթելյանը մեկ տարուց ավելի է, ինչ անգիտակից վիճակում գտնվում է հիվանդանոցում։

«Նրա վիճակը, եթե անգամ պայմանականորեն լավանա, այդքան կարճ ժամանակահատվածում չի լավանա, և նա ի վիճակի չի լինի դեռ երկար ժամանակ հաղորդակցվելու մարդկանց հետ: Սրանով էլ նրա մասնակցությունը դառնում է անհնար, որովհետև դահլիճում լինի թե դահլիճից դուրս՝ նա չունի կոնտակտի մեջ մտնելու խոսակցական ապարատ, էսպես ասեմ, չի հաղորդակցվում մարդկանց հետ: Հետևապես՝ այլ իրավիճակ չի կարող լինել, և այլ հնարավորություն մեզ չի ստեղծվել, քան՝ փորձաքննությունից անմիջապես հետո անցնել լսումների: Արդեն 10-11 տարի է անցել, և ցանկալի է, որ գործը արագ լուծում ստանա և արագ լսվի: Այս առումով՝ չէի ցանկանա, որ Մուշեղ Սաղաթելյանի առողջական վիճակը խոչընդոտեր գործի քննությանը», - ընդգծեց Սեդա Սաֆարյանը:

Մուշեղ Սաղաթելյանի որդին՝ Սևադա Սաղաթելյանը, «Ազատության» հետ զրույցում ասաց՝ Եվրոպական դատարանի արձանագրած խախտումներից հետո՝ հույս ունեն, որ արդար քննություն կիրականացվի։ «Ինձ թվում է, որ առաջվա բարքերը չկան հիմա, պետք է ամեն ինչ օբյեկտիվ կատարվի», - հայտարարեց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG