Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տանն այսօր քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևը, որը հեղինակել են դեմոկրատական ու հանրապետական ճամբարների մի խումբ կոնգրեսականներ:
Վերջին անգամ նման բովանդակությամբ փաստաթուղթ Կոնգրեսում քվեարկության էր դրվել 35 տարի առաջ՝ 1984-ին: «Հիմա, երբ Թուրքիան Սիրիայի հյուսիսում հարձակում է նախաձեռնել, որի հետևանքով հարյուրավոր մարդիկ սպանվեցին, հարյուր հազարավորները դարձան փախստական, առավել կարևոր է, որ Ներկայացուցիչների տանը հստակ և ուղիղ խոսք հնչի մարդկության դեմ հանցանքների մասին, անկախ նրանից՝ դա տեղի է ունեցել մեկ դար առաջ, թե մեր օրերում», - հայտարարել են փաստաթղթի հեղինակները՝ կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Գաս Բիլիրակիսը, Ֆրենք Փալոնը, Փիթեր Քինգն ու Ջեքի Սփիերը:
Քվերակությունը չսկսված՝ նրանց են միացել նաև Ներկայացուցիչների տան մի խումբ ազդեցիկ օրենսդիրներ:
«Ցեղասպանությունը չճանաչելը խարան է մարդու իրավունքների պաշտպանության հանդեպ մեր վերաբերմունքի վրա», - հայտարարել է Ներկայացուցիչների տան Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի համանախագահ դեմոկրատ Ջեյմս ՄըքԳովերնը:
«Ժամանակն է Թուրքիային պատասխանատվության կանչել իր արարքների համար», - իր հերթին, պնդել է հանրապետական կոնգրեսական Դոն Բայերը, հավելելով՝ «Կոնգրեսն ու Սպիտակ տունը շատ երկար են լռություն պահպանել այս հարցում»:
Սպիտակ տունը որևէ կերպ չի արձագանքել Ներկայացուցիչների տանը նախատեսված քվեարկությանը, գրել է The Wall Street Journal-ը: Պետդեպարտամենտը, անդրադառնալով հարցին, խուսափել է ցեղասպանություն եզրույթից: «Մեր քաղաքականությունն այս հարցում հստակ է՝ Միացյալ Նահանգները ճանաչում է Մեծ Եղեռնը որպես 20-րդ դարի ամենամեծ վայրագություններից մեկը, մենք սգում ենք 1915 թվականի սարսափելի իրադարձությունների համար և ողջունում իրենց ցավալի պատմության հետ հաշվի նստելու հայերի ու թուրքերի ջանքերը», - WSJ-ին ասել է Պետդեպարտամենտի խոսնակը:
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը զգուշավոր լավատեսությամբ է արձագանքել Պետդեպի հայտարարությանը, պնդելով՝ այն, ի տարբերություն նախորդների, ոչ թե հրապարակավ ընդդիմացել է փաստաթղթի ընդունմանը, այլ՝ չեզոքություն պահպանել: «Ամերիկան պետք է ուղերձ հղի Էրդողանին մի լեզվով, որը նա հասկանում է, և ընդգծի, որ մենք այլևս չենք հանդուրժելու նրա հանագործությունները», - ասել է Համբարյանը:
Պաշտոնական Անկարան, ինչպես և նախորդ դեպքերում, այս անգամ էլ կոչ է արել Կոնգրեսին զերծ մնալ բանաձևի ընդունումից, զգուշացնելով՝ փաստաթուղթը չի բխում ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի, այլև՝ Միացյալ Նահանգների շահերից: «Այս հարցը պետք է թողնել պատմաբաններին», - հայտարարել է Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատունը:
Ի դեպ, մինչ այս Ներկայացուցիչների տունը երկու անգամ՝ 1975-ին և 1984-ին, բանաձևեր է ընդունել Հայոց ցեղասպանության մասին, հետագայում, սակայն, այդ փասաթղթերը հավանություն չեն գտել Սենատում: Տարիներ առաջ՝ 2007-ին և 2010-ին, երբ ամերիկացի օրենսդիրները փորձել էին այս հարցը կրկին դնել քննարկման, Թուրքիան ետ էր կանչել Նահանգներից իր դեսպանին: Այդ ժամանակ փաստաթղթերն անգամ Ներկայացուցիչների տան լիագումար նիստի օրակարգ չէին մտել:
«Այսօրվա քայլով Ներկայացուցիչների տունը կարող է ցույց տալ Թուրքիային, որ Վաշինգտոնին անհնար է վախեցնել, որ Միացյալ Նահանգները չի շեղվում իր քաղաքականությունից, և ամերիկյան սկզբունքները չեն վաճառվում», - քվեարկության նախօրեին հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: