Դավիթ Տոնոյանը մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությանը նվիրված հանդիպմանը

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան, արխիվ

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 24-25-ը աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այցի շրջանակում Դավիթ Տոնոյանը երեկ հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նորանշանակ տեղակալ Միրչա Ջեոանայի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվել է Հայաստանի մասնակցությունը Կոսովոյում և Աֆղանստանում իրականացվող առաքելություններին:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է Հայաստանի կողմից Սիրիայում իրականացվող մարդասիրական առաքելության ընթացքը, նպատակները, առաքելության կարողությունների և աշխարհագրության ընդլայնման հնարավորությունները:

Քննարկվել են նաև Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: