Մատչելիության հղումներ

Սիրիայում հայկական հումանիտար առաքելության խումբը ականազերծել է 34 հազար 690 ք/մ տարածք


Հայ սակրավորների և բժիշկների խումբը օդանավակայանում, արխիվ
Հայ սակրավորների և բժիշկների խումբը օդանավակայանում, արխիվ

Սիրիայում հայկական հումանիտար առաքելության խումբը ականազերծել է 34 հազար 690 ք/մ տարածք, հայտնաբերվել է 29 միավոր ական և պատերազմի պայթուցիկ մնացորդ, որոնք ոչնչացվել են Սիրիայի իշխանության կողմից։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի տնօրեն Ռուբեն Առաքելյանը։ Ասաց՝ խումբը Սիրիայում առանձնացրել է 5 հաստատված վտանգավոր տարածք, ընդհանուր մակերեսով 1 միլիոն 315 հազար քառակուսի մետր։

«Ընտրվել են այնպիսի առաջնահերթությամբ հնարավոր ականադաշտեր, որոնք մոտ են գտնվում բնակավայրերին, այսինքն առաջին հերթին պետք է ականազերծվեն այն տարածքները, որոնք բնակավայրերին մոտիկ են գտնվում, որ խուսափենք քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային զոհերից։ Աշխատանքներին զուգընթաց կազմակերպվել են նաև ականային վտանգի իրազեկման աշխատանքներ, ջերմ հարաբերություններ են հաստատված թե՛ տեղի հայ համայնքի, թե՛ սիրիական կողմի երեխաների և բնակիչների հետ։ Ականազերծման աշխատանքներից զատ իրականացվել է նաև բժշկական աջակցություն», - նշեց Առաքելյանը։

Սիրիայի Հալեպ քաղաքում 2019-ի փետրվարի 8-ից մարդասիրական առաքելություն է իրականացնում ականազերծողներից, բժիշկներից և նրանց անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը։ Ընդհանուր՝ 83 անձ։ Հայկական հումանիտար առաքելության խումբը զինված չէ, նրանց անվտանգությունն ապահովում է Հայաստանի ռազմական ոստիկանության ստորաբաժանումը։ Ռուբեն Առաքելյանը առաջին խմբի աշխատանքը գնահատեց բավարար։ Ասաց՝ եղել են տեխնիկական դժվարություններ։

«Հաշվի առնել, որ դա պատերազմող երկիր է, պատերազմական իրավիճակ է տիրում Սիրիայում և շատ դժվար է Երևանից կազմակերպել լոգիստիկ հարցեր։ Այսինքն, եթե ինչ-որ մի բան պակաս ենք տարել կամ ինչ-որ նոր բանի կարիք կա, մեծ դժվարություն է մեր համար դա օպերատիվ իրականացնել, այսինքն արագ հասցնել տեղ», - նշեց Ռուբեն Առաքելյանը։

Իսկ ահա երկրորդ խումբը Սիրիա մեկնեց հունիսի 16-ին, 4 ամսով։ Անդրադառնալով ռուսական կողմի աջակցությանը՝ Առաքելյանն ընդգծեց. «Ռուսական կողմը մեզ տրամադրում է ինքնաթիռ, որպեսզի մեր խումբը հասցվի Սիրիա, քանի որ չկա կանոնավոր հաղորդակցություն, չկան կանոնավոր թռիչքներ, ապա միակ տարբերակը, որ մնում է, որ մենք կարողանանք հասնել Հալեպ՝ մեր աշխատանքների վայր, կամ ինչ-ոչ նյութեր կամ գործիքներ տեղափոխենք, դա արվում է ռուսական կողմի աջակցությամբ, իրենց ինքնաթիռներով։ Բացի այդ, ռուսական կողմը ապահովում է մեր խմբի անվտանգ շարժը դեպի ականադաշտ և վերադարձ դեպի տուն։ Ինչպես նաև ընդհանուր պահպանություն, եթե, ասենք, ինչ-որ ստեղծվի լուրջ պատերազմական իրավիճակ, ռուսական կողմը պահպանում է մեր մարդկանց առողջությունը և կյանքը։ Քանի որ մենք ընդեղ զորախումբ չունենք, քաղաքացիական մարդիկ են աշխատում է, և իրենք իրենց ուժերով, բնականաբար, չեն կարող դիմակայել ինչ-որ լուրջ զինված հարձակման»։

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի տեսուչ Արա Մարտիրոսյանը նշեց, որ հումանիտար ականազերծում իրականացնելու ժամանակ կարևոր է տեղի բնակչության օժանդակությունը. հենց իրենց միջոցով են տեղեկանում, թե որտեղ են նկատել պայթունավտանգ զինամթերք, որոնք են վտանգավոր տարածքները։

«Վերջիվերջո աշխատանքների գնահատումը, որակի վերահսկողությունը կատարվում է տեղի ժողովրդի, համայնքի կողմից», - ասաց Մարտիրոսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG