Մամեդյարովը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև պատանդների ու գերիների փոխանակման հարցը

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փիթեր Մաուրեր, արխիվ

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Փիթեր Մաուրերի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատանդների և ռազմագերիների փոխանակման հարցը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատավամիջոցները՝ վկայակոչելով պաշտոնական հաղորդագրությունը:

Մաուրերը Բաքվում է «Չմիավորված երկրների շարժման» գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:

«Մամեդյարովը նշել է պահվող պատանդ-գերիների ազատ արձակման կարևորությունը՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով», - ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրությունում:

Հայկական կողմն ավելի վաղ մի քանի անգամ մերժել է Բաքվի՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակելու այդ առաջարկը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամիսներ առաջ պնդել էր՝ «փոխանակում չի կարող տեղի ունենալ, եթե ադրբեջանական կողմից ներխուժած անձինք սպանություններ են իրականացրել»:

Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը ձերբակալվել են 2014 թվականին Լեռնային Ղարաբաղի տարածքում: Ղարաբաղի դատարանը Ասկերովին ցմահ ազատազրկման է դատապարտել, իսկ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման, մի շարք ծանր հանցանքների, այդ թվում՝ սպանության համար:

Հայկական կողմի գերիներից Կարեն Ղազարյանը Ադրբեջանի տարածքում էր հայտնվել անցած տարվա ամռանը և ամիսներ անց դատապարտվել 20 տարվա ազատազրկման: Բաքուն պնդում է, թե նա դիվերսանտ է, հարազատների խոսքով, մինչդեռ, նա առողջական խնդիրներ ունի և դեռևս 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում։

19-ամյա զինծառայող Արայիկ Ղազարյանը Ադրբեջանի տարածքում էր հայտնվել անցած օգոսոտոսին, տեղական լրատվամիջոցները պնդել էին, թե նա լքել է զորամասը՝ «անմարդկային վերաբերմունքի» պատճառով: Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, մինչդեռ, կարծիք էր հայտնել, թե նա մոլորվել է այդ տեղանքում: