Պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա հարուցված քրեական գործում Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանը մեղադրյալի, կասկածյալի կարգավիճակ չունի, «Ազատությանը» փոխանցեցին Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ)։
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց՝ Քրեական գործի հարուցումը հաճախ են շփոթում քրեական հետապնդում հարուցելու հետ:
«Որպեսզի բոլորիս համար պարզ լինի, շատ հաճախ քրեական գործ հարուցելը շփոթում եք քրեական հետապնդում հարուցելու հետ, ուրեմն քրեական գործը հարուցվում է, որպեսզի կատարվեն ողջ ծավալով քննչական գործողությունները, քանի որ նյութերի նախապատրաստման ընթացքում վարույթն իրականացնող մարմինը կաշկանդված է կատարել քննչական գործողություններ, օրենքը թույլ չի տալիս։ Օրենքը թույլ է տալիս նյութերի նախապատրաստման ընթացքում միայն կատարել դեպքի վայրի զննություն, նշանակել փորձաքննություն, վերցնել նմուշներ։ Այսինքն՝ նյութերի նախապատրաստման ընթացքում այնպիսի քննչական գործողություններ ինչպիսիք են առգրավումները, խուզարկությունները, հարցաքննությունները, չեն կարող կատարվել», - նշեց Սուրեն Խաչատրյանը։
Արման Բաբաջանյանը հոկտեմբերի սկզբին էր դիմել Գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեաիրավական գնահատական տալ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի կողմից 2018 թվականին այդ պաշտոնին հասնելու ճանապարհին թույլ տրված կոպտագույն օրինախախտումներին, որոնց արդյունքում տեղի է ունեցել, ըստ պատգամավորի, իշխանության փաստացի բռնազավթում: Դատախազությունը նյութերն ուղարկել էր ՀՔԾ, որտեղ էլ հարուցվել է քրեական գործ: Սասուն Խաչատրյանը մանրամասնեց՝ քրեական գործը առերևույթ հանցագործության հատկանիշների առկայության փաստով է հարուցվել:
Լրագրողների հարցին, թե հետագայում ՍԴ նախագահը այս գործում որևէ կարգավիճակ կստանա՞, ՀՔԾ պետը պատասխանեց. «Դուք ուզում եք՝ ես ենթադրություններ անե՞մ։
Մինչև Սասուն Խաչատրյանի պարզաբանումը նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը «Փաստինֆո» կայքի հետ զրույցում հայտարարել, թե ՀՔԾ-ում քրեական գործը հարուցվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտմամբ: Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն ուղղակի սահմանել է, որ այն պահից, երբ քրեական գործ սկսելու որևէ գործընթացում նշվում է կոնկրետ անձի անուն, ապա այդ անձը համարվում է մեղադրյալի կարգավիճակ ունեցող:
Գևորգ Կոստանյանը նաև վկայակոչելով հայաստանյան օրենսդրությունը նշել է, թե Սահմանադրական դատարանի դատավորը և նախագահը կարող են որպես մեղադրյալ ներգրավվել միայն Սահմանադրական դատարանի թույլտվությամբ:
Նախկին գլխավոր դատախազ Կոստանյանը պնդել է, թե կայքերից մեկում է ընթերցել, որ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ հարուցելու որոշման մեջ ուղղակի նշված է Հրայր Թովմասյանի անունը: ՀՔԾ-ից հերքում են:
«Ես ասում եմ՝ գործ է հարուցվել նյութերի նախապատրաստման արդյունքում հարուցվել է քրեական գործ առերևույթ հանցագործության հատկանիշների առկայության փաստով», - ասաց Խաչատրյանը։
Ըստ Սահմանադրության իր լիազորությունների իրականացման կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Սահմանադրական դատարանի համաձայնությամբ, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո:
Լրագրողները նաև արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեցին հնարավո՞ր է այս գործով Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրվի առանց Սահմանադրական դատարանի համաձայնության։
«Գործառությանի անձեռնմխելիության մասին է խոսք գնում, այսինքն Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքով Սահմանադրական դատարանի դատավորները օգտվում են գործառութային անձեռնմխելիությունից, հետևաբար տվյալ գործով տվյալ իրավապահ մարմինը պետք է գնահատի՝ սա այն դեպքն է, երբ որ պետք է հաղթահարվի անձեռնմխելիությունը, թե այն դեպքը չէ, կախված է գործի հանգամանքներից, մեղսագրվող արաքից, բայց էլի եմ ասում՝ ես կարծում եմ՝ շատ վաղ է նման բանի մասին խոսել», - պատասխանեց Բադասյանը։
Քրեական գործ է հարուցվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով: Ըստ այս հոդվածի՝ «իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը» պատժվում է ազատազրկմամբ` 10-ից մինչև 15 տարի ժամկետով: