Այսօր Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ) են հրավիրվել Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանի դուստրերը և հայրը։ Գերատեսչությունից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել մի շարք անձանցից, այդ թվում նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից: Թե ի՞նչ նյութերի նախապատրաստման մասին է խոսքը, հրապարակման մեջ չեն մանրամասնել։
Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամների փաստաբաններն էլ տեղյակ չեն՝ ինչ վարույթ է հարուցվել ԱԱԾ-ում։ Փաստաբան Հայկ Սարգսյանն ասում է, որ հարցերի շրջանակը հիմնականում վերաբերել է Թովմասյանի դուստրերին պատկանող գույքին։
«Ավագ աղջկա դեպքում համապատասխան գույքը ավտոտնակ է Կենտրոն վարչական շրջանում, որը նա 2016 թվականին նվիրատվությամբ ստացել է իր մորաքրոջ աղջկանից, իսկ կրտսեր աղջկա կրկին միակ գույքը վերաբերում է 2014 թվականի արտադրության Nissan Sentra մակնիշի ավտոմեքենային, որը նա կրկին 2016 թվականին ստացել է իր մորաքրոջ աղջկանից որպես նվեր, ընդ որում՝ ստացման պատճառը նվերի կայանում է նրանում, որ մորաքրոջ աղջիկը մշտական բնականության մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ և որոշել է իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքը նվիրել իր երկու քույրերին, միաժամանակ որոշակի հարց եղել է կարճ ժամանակահատվածում ավագ դստերը պատկանող Nissn Patrol մեքենայի վերաբերյալ, որը վերջինս ապրիլյան պատերազմի օրերի ընթացքում կամ դրան հաջորդող, կոնկրետ օրը չեմ հիշի, նվիրաբերել է Արցախ Հանրապետության պաշտպանության բանակին», - ասաց Հայկ Սարգսյանը։
Փաստաբանը տեղեկացրեց, որ Հրայր Թովմասյանի գործունեության վերաբերյալ հարցեր չեն տրվել աղջիկներին։
Մինչ Հրայր Թովմասյանի աղջիկները բացատրություն էին տալիս ԱԱԾ աշխատակիցներին, դրսում բողոքի ակցիա էր։ Մասնակիցների թվում հիմնականում նախկին իշխանությունների ներկայացուցիչներ էին, որոնք պնդում էին, թե ՍԴ նախագահի դեմ ճնշումներ են գործադրվում։ Ղարաբաղի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանն ասում է՝ իշխանություններն անցել են կարմիր գիծը։
«Երեկ հայտնի դարձավ, որ մեր իշխանությունները ևս մեկ անգամ ոչ միայն իրավունքի, իրավաբանության այլև, իմ պատկերացմամբ, բարոյականության հետ լուրջ խնդիր ունեն, խնդիրներ ունեցող քայլի են դիմել, Հրայր Թովմասյանից ձերբազատվելու իրենց քաղաքական խնդիրը լուծելու համար և որոշակի իրավական գործընթացներ են սկսել ներգրավելով Հրայր Թովմասյանի 75-ամյա հորը և երկու դուստրերին», - նշեց Ռուբեն Մելիքյանը։
Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը Թովմասյանի հարազատներին ԱԱԾ կանչելն ու առհասարակ Թոմվասյանի շուրջ ծավալված վերջին իրադարձությունները քաղաքական հետապնդում է համարում։
«Բնականաբար միակ պետական կառույցը, որը քիչ թե շատ պաշտպանում է Սահմանադրությունը, ծառայում է Հայաստանի Հանրապետությանը, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի քաղաքական վարչակարգին, դա Սահմանադրական դատարանն է և բնականաբար այսօր այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում, դա շինծու քաղաքական պատվեր է», - ընդգծեց Շարմազանովը։
Իշխանական «Իմ քայլը» խմբակցությունում անհիմն են համարում ընդդիմախոսների պնդումները։ «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանը վստահ է՝ իրավապահները ոչ մի հակաիրավական գործողություն չեն իրականացնում։
«Ես հասկանում եմ նաև մերժված իշխանության ներկայացուցիչներին, որովհետև իրենք ամենն, ինչ որ տեսնում են, տեսնում են իրենց ասենք մտահորիզոնի սահմաններում, այսինքն ինչ են արել իրենք, իրենք իրենց չափով են, իրենց կերպով են ամեն ինչին նայում, բայց իրենց կերպը մերժվել է ու իրենց կերպը այլևս չի լինելու, այսինքն որևէ մեկը քաղաքական հետապնդման չի ենթարկելու», - ասաց Հովակիմյանը։
Վահագն Հովակիմյանը զարմանում է ընդդիմախոսների բարձրացրած աղմուկից. «Ստացվում է պաշտոնյաների հարազատները նույնպես անձեռնմխելիություն են ձեռք բերում, այսինքն՝ նրանց չի կարելի հրավիրել հարցաքննության, իրավապահները նրանց պիտի չմոտենան։ Ընդամենը մարդուն հարցաքննության են հրավիրում և էնպիսի վայնասուն են բարձրացնում, որ՝ «հասեք, փրկեք» և այլն։ Իրականում հետապնդումը կարան իրանք հետ գնան նայեն, թե իրենց իշխանության տարիներին ինչ է եղել հետապնդումը, որպեսզի իրական հետապնդումը վերհիշեն»։
Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները երեկ այցելել էին Թովմասյանի հայրական տուն: ԱԱԾ այս գործողությունը մեկնարկել էր նույն օրը, երբ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա Հատուկ քննչական ծառայությունն (ՀՔԾ) էլ Հրայր Թովմասյանի դեմ պետական իշխանությունը յուրացնելու հոդվածով էր քրեական գործ հարուցել: ՀՔԾ-ն երեկ ՍԴ-ում, ՀՀԿ գրասենյակում և Ազգային ժողովում քննչական գործողություններ էր իրականացրել: Մոտ երկու շաբաթ առաջ իրավապահներին դիմած Բաբաջանյանը նրանց ուշադրությունը հրավիրել էր այն հանգամանքի վրա, որ պատգամավոր Թովմասյանը մանդատից հրաժարվելու դիմում չի գրել: Բացի այդ պնդել էր, որ Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով:
Իրավապահների այս գործողությունները Հրայր Թովմասյանի աջակիցները քաղաքական հետապնդում են որակում, մատնանշելով, որ դրանք մեկնարկեցին այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը հրապարակեց Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Ազգային ժողովի դիմումի քննությունը մերժելու որոշումը: