Մատչելիության հղումներ

Բաբաջանյան․ ԱԱԾ գործողությունները կապ չունեն իմ դիմումի հիման վրա ՀՔԾ֊ում քննվող գործի հետ


Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը վստահ է, որ Ազգային անվտանգության ծառայությունում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին առնչվող գործողությունները որևէ կապ չունեն իր դիմումի հիման վրա Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) պետական իշխանությունը յուրացնելու հոդվածով հարուցված քրեական գործի հետ:

«Գուցե հաճելի չէ Հրայր Թովմասյանի աջակիցների, ընտանիքի անդամների համար, բայց սա ամենևին ոչ մի առնչություն չունի այն գործի հետ, որը քննվում է Հատուկ քննչական ծառայությունում իմ դիմումի համաձայն», - «Կիրակնօրյա վերլուծականի» եթերում երեկ հայտարարեց Արման Բաբաջանյանը՝ շարունակելով․ ֊ «Սա նրա ունեցվածքի ծագման հետ կապված հարցեր են, որոնք՝ ինչո՞ւ, եթե թաքցնելու որևէ բան չկա, Հրայր Թովմասյանի հայրը՝ ինքը, մայրը, մյուս հարազատները թող ձեռնամուխ լինեն և գնան իրենք ներկայանան և փաստեն, որ Հրայր Թովմասյանը ոչ մի ապօրինություն չի գործել իր նախարար եղած տարիներին, ոչ մի թալանով չի զբաղվել՝ ինչի վերաբերյալ հրապարակումներ են եղել մամուլում և ինչի վերաբերյալ Գլխավոր դատախազությունը համապատասխան նյութերը ուղարկել է Ազգային անվտանգության ծառայություն, որտեղ և քննություն է անցկացվում»:

Ուրբաթ օրը ԱԱԾ էին հրավիրվել Հրայր Թովմասյանի հայրը և դուստրը, նախօրեին էլ ԱԱԾ աշխատակիցներն այցելել էին Թովմասյանի հայրական տուն: ԱԱԾ այս գործողությունը մեկնարկել էր նույն օրը, երբ ՍԴ նախագահի դեմ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) պետական իշխանությունը յուրացնելու հոդվածով քրեական գործ էր հարուցել, ՀՔԾ-ն ՍԴ-ում, ՀՀԿ գրասենյակում և Ազգային ժողովում քննչական գործողություններ էր իրականացրել: Իրավապահների այս գործողությունները Հրայր Թովմասյանի աջակիցները քաղաքական հետապնդում են որակում:

Ազգային անվտանգության ծառայությունը, մինչդեռ, ուրբաթ երեկոյան տարածած հաղորդագրությունում մի շարք մանրամասներ է հրապարակել Հրայր Թովմասյանին և նրա ընտանիքի անդամներին առնչվող գործողությունների վերաբերյալ՝ դրանք պայմանավորելով շինարարական և վերանորոգման աշխատանքների ընթացքում առերևույթ չարաշահումների փաստերով, ինչպես նաև պաշտոնատար անձին կամ նրա ընտանիքի անդամներին առերևույթ պատկանող գույքը սահմանված կարգով չհայտարարագրելու վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված տվյալները ստուգելու անհրաժեշտությամբ։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք Կիրակնօրյա վերլուծականի եթերում՝ տեսանյութը՝ ստորև․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG