Հայաստանը գործնականում զրկվեց Եվրո-2020-ի եզրափակիչ փուլ անցնելու հնարավորությունից

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը, հունիս, 2019թ.

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը գործնականում զրկվեց Եվրո-2020-ի եզրափակիչ փուլ անցնելու հնարավորությունից՝ ընտրական մրցաշարի 8-րդ տուրում այսօր Տուրկուում 0:3 հաշվով պարտվելով Ֆինլանդիայի ընտրանուն:

Դաշտի տերերից երկու գոլի հեղինակ դարձավ Տեեմու Պուկկին, ևս մեկ գնդակ Հայաստանի թիմի դարպասն անցկացրեց Ֆրեդրիկ Յենսենը:

Այս հաղթանակից հետո ընտրական J խմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Ֆինլանդիան ունի 15, առայժմ երրորդ տեղում գտնվող Հայաստանը՝ 10 միավոր: Խմբում այսօր նախատեսված են նաև Լիխտենշտեյն-Իտալիա և Հունաստան-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումները: Իտալիայի ընտրանին, հիշեցնենք, նախորդ տուրում արդեն իսկ իր համար ապահովել է Եվրո-2020-ի եզրափակիչ փուլի ուղեգիրը:

Ինչպես և նախորդ՝ Լիխտենշտեյնի հետ խաղին, այսօրվա հանդիպմանը ևս չէր մասնակցում Հայաստանի թիմի առաջատար Հենրիխ Մխիթարյանը՝ վնասվածքի պատճառով:

Հաջորդ տուրում Հայաստանի հավաքականը նոյեմբերի 15-ին Երևանում կընդունի Հունաստանի թիմին, իսկ նոյեմբերի 18-ին Պալերմոյում Իտալիայի հավաքականի հետ հանդիպմամբ կավարտի ընտրական մրցաշարը: