Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի հինգերորդ տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 1:3 հաշվով պարտվեց J խմբի առաջատար Իտալիայի ընտրանուն:
Հինգշաբթի երեկոյան Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվը 11-րդ րոպեին բացեց Ալեքսանդր Կարապետյանը: Մինչև առաջին խաղակեսի ավարտը՝ 28-րդ րոպեին Անդրեա Բելոտին հավասարեցրեց հաշիվը, իսկ երկրորդ խաղակեսում նախ Լորենցո Պելեգրինին՝ 77-րդ րոպեին, ապա կրկին Բելոտին՝ 80-րդ րոպեին, մեկական գնդակ ուղարկեցին Հայաստանի ընտրանու դարպասը:
Առաջին խաղակեսի վերջին րոպեներին մրցավարը երկրորդ դեղին քարտը ցույց տվեց և խաղադաշտից հեռացրեց Ալեքսանդր Կարապետյանին:
Հանդիպմանը մարզադաշտում հետևում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերով Երևան ժամանած ՈՒԵՖԱ-ի նախագահը այսօր նաև հանդիպում է ունեցել վարչապետի հետ:
Հինգ խաղից հետո Հայաստանի հավաքականը 6 միավորով առայժմ շարունակում է երրորդ հորիզոնականը զբաղեցնել մրցաշարային աղյուսակում, սակայն խմբում այսօր դեռ կայանալու են Ֆինլանդիա-Հունաստան և Բոսնիա և Հերցեգովինա-Լիխտենշտեյն հանդիպումները: Խմբի միանձնյա առաջատարը Իտալիան է՝ աշխարհի քառակի չեմպիոնը 15 հնարավորից նույնքան միավոր է վաստակել:
Ընտրական մրցաշարի վեցերորդ հանդիպումը նույնպես Հայաստանի թիմը կանցկացնի սեփական հարկի տակ՝ սեպտեմբերի 8-ին ընդունելով Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն: