Չեմ կարծում, որ Ազգային ժողովը ՍԴ-ի ճգնաժամի լուծմանը մազաչափ մոտեցել է․ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյան

Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավոր Վահե Գրիգորյանի պնդմամբ՝ Ազգային ժողովը մազաչափ անգամ չի մոտեցել Սահմանադրական դատարանում ստեղծված ճգնաժամի լուծմանը: ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու Ազգային ժողովի դիմումը, որը երեկ ՍԴ-ն մերժեց վարույթ ընդունել, ըստ Վահե Գրիգորյանի՝ աղերս չունի այն խնդրի հետ, որի մասին ինքը բարձրաձայնել է ամիսներ առաջ:

«Ինչ դատարանի մասին է խոսքը, Հայաստանը չունի սահմանադրականության և դեմոկրատական լեգիտիմության բոլոր պահանջներին բավարարող բարձրագույն դատարան։ Ես չեմ կարծում, որ այս քայլով Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի շուրջ ձևավորված և դատարանում գոյություն ունեցող ճգնաժամի լուծմանը մազաչափ անգամ մոտեցել է կամ սա քայլ էր, որպեսզի այդ ճգնաժամը լուծեր։ Սա ընդհանրապես աղերս չունի այդ ողջ կոնտեքստի հետ», - ասաց Գրիգորյանը։

Արդյո՞ք Ազգային ժողովը փակուղային ճանապարհով չի գնացել, հետաքրքրվեցինք Սահմանադրական դատարանի դատավորից: «Խնդիրը չի նման գնահատական տալ, բայց խնդիրն այն խորությամբ և այն ծավալով, որ ես բարձրացրել եմ և դրան մասնակիորեն համաձայնել էին, և իր դիրքորոշումն է արտահայտել նաև հանրապետության վարչապետը, այնուհետև նաև Ազգային ժողովի նախագահն է իր հայտարարությամբ անդրադարձել այդ խնդրին, որևէ աղերս չունի էն պրոցեսի հետ, ինչ որ տեղի է ունեցել Ազգային ժողովի կողմից նման դիմում ներկայացնելով», - պատասխանեց ՍԴ դատավորը։

Վահե Գրիգորյանը դեռևս հունիսին բարձրաձայնեց Սահմանադրական դատարանում՝ իր ձևակերպմամբ ճգնաժամի մասին: Իր երդմնակալության օրը Ազգային ժողովում հայտարարեց՝ ՍԴ կազմում լեգիտիմության խնդիր կա: Ըստ նրա, նախկին Սահմանադրությամբ ընտրված ՍԴ անդամները դատավորների լիազորություն չունեն և չեն կարող որոշումներ ընդունել, ընտրված դատավորներ են միայն ինքն ու Արման Դիլանյանը: Ավելի ուշ Գրիգորյանը նամակով դիմել էր կառավարությանը, Ազգային ժողովին և հանրապետության նախագահին՝ Սահմանադրական դատարանի ճգնաժամից դուրս գալու երեք ճանապարհ մատնանշել: Դրանցից մեկը ՍԴ դատավորի յոթ թափուր պաշտոնում թեկնածուներ առաջադրելն էր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարել էր, թե 2019-ին պետք է ունենանք 2019-ին հարիր սահմանադրական դատարան: Ամիսներ անց, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ ՍԴ որոշումից հետո միայն Ազգային ժողովը նախաձեռնեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան:

Հիմնավորել էին, թե Քոչարյանի դիմումի քննության ընթացքում Հրայր Թովմայսանը կարգապահական խախտումներ է թույլ տվել: Արդյո՞ք այս քայլով Ազգային ժողովը չլեգիտիմացրեց այն Սահմանադրական դատարանը, որից օր առաջ ազատվելու մասին խոսել է ինքը Գրիգորյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իրականում այդ հարցերի պատասխանները շատ տարողունակ են և այո կամ ոչ-ով չի լինելու դրա պատասխանը, մենք պետք է գանք նախապատմությունից, մենք պետք է գանք կոնտեքստի տարբեր հատվածներ վերլուծելուց և ի վերջո հանգուցալուծման հասնենք», - ասաց Գրիգորյանը։

Հայաստանը ոչ մի օր չի կարող համարվել դեմոկրատական պետություն, քանի դեռ չի լուծվել բարձրագույն դատարանի խնդիրը, ասաց Վահե Գրիգորյանը՝ հավելելով բազմաթիվ ուղիներ կան, այդ թվում՝ իր նամակում նշված ճանապարհները:

«Ես ուզում եմ ամենապատասխանատու ձևով հայտարարել, որ Հայաստանը ոչ մի օր դեմոկրատական պետություն չի քանի դեռ այն չունի սահմանադրականությանը և դեմոկրատական լեգիտիմության դեֆիցիտից զուրկ Սահմանադրական դատարան։ Հայաստանը որևէ պահի չի կարող հավակնել դեմոկրատական լինել քանի դեռ այն չի լուծել իր բարձրագույն դատարանի հետ կապված խնդիրը», - ընդգծեց նա։

«Ազատության» հարցին՝ շարունակում է լուծման համար պնդել իր նամակում նշած ճանապարհները, Գրիգորյանը պատասխանեց. «Իմ նամակում նշած ճանապարհը շարունակում եմ պնդել և բացի դրանից բազմաթիվ այլ ուղիներ կային, բավականին ժամանակ է անցել արդեն և բավականին բան կարելի էր անել, և ես կարծում եմ, որ էդ ավտոկրատիկ լեգալիզմի կողմից ձևավորած Սահմանադրական դատարանի պատրանքն է, որ հնարավորություն չի տալիս էս մարդկանց հասկանալ, որ Սահմանադրական դատարանի՝ որպես բարձրագույն դատարանի հետ կապված խնդիրը բավականին վտանգավոր խնդիր է, և դրան պետք չի վերաբերվել որպես ընթացիկ կամ ազատ ժամանակ զբաղվելու հարց։ Եթե իրապես էդ խնդիրը չունի լուծում, մեկ այլ լուծում է նաև ճանաչել դատարանը հենց էնպիսին, ինչպիսին գոյություն ունի և անվերապահորեն ընդունել այն, որպես երկրի բարձրագույն դատական ատյան։ Իհարկե, այդ ժամանակ խնդիր է առաջանալու արդեն ընտրողների հետ, թե ինչ մանդատով է»։

Վահե Գրիգորյանն իր նամակում առաջարկել էր նաև ՍԴ անդամների վաղ կենսաթոշակային մեխանիզմը, որն ընդգրկվեց կառավարության դատաիրավական բարեփոխումների նախագծերից մեկում: Հրաժարականից հետո մինչև պաշտոնավարման ժամկետի լրանալը ՍԴ անդամներին աշխատավարձ վճարելու առաջարկը կոշտ քննադատության արժանացավ, մինչդեռ Վահե Գրիգորյանը հիշեցրեց՝ Վենետիկի հանձնաժողովն էլ օրեր առաջ այն ընդունելի է համարել:

«Երբ որ ես այս առաջարկությունն արել էի, շատերը, մի մեծ մասը բավականին ուղղորդված կերպով այն քննադատում էին, արդյունքում պարզվեց, որ նույնիսկ Վենետիկի հանձնաժողովի էքսպերտները դրա հետ կապված որևէ խնդիր չեն տեսնում, այլ ամբողջությամբ համաձայն են, որովհետև Հայաստանում ձևավորված առանձնահատուկ հանգամանքների ու պայմանների բերումով այդ սխեման լիովին կիրառելի է», - ընդգծեց ՍԴ դատավորը։

Վահե Գրիգորյանը Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելուց հետո դատարանի որևէ նիստի չի մասնակցել: Այս մասին բարձրաձայնել է նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:

Վահե Գրիգորյանը պարզաբանեց՝ այդ նիստերը իրավազոր չեն. «Եթե խնդիրը և ճգնաժամն այն իմաստով, որ դատարանն ունի սահմանադրականության և դեմոկրատական լեգիտիմության դեֆիցիտ գոյություն ունի, էս պայմաններում որևէ իրավազոր նիստի մասին խոսք լինել չի կարող»։

Հրայր Թովմասյանը երեկ «Ազատության» հետ զրույցում դարձյալ պնդեց Սահմանադրական դատարանից կհեռանա այն ժամանակ, երբ լրանա իր պաշտոնավարման ժամեկտը: