ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների հուլիսի 25-ի հեռախոսազրույցի հետաքննության շրջանակում ի հայտ է եկել երկրորդ վկան, որ պնդում է, որ անմիջական տեղեկատվություն ունի Թրամփի շրջապատի և Ուկրաինայի ղեկավարության շփումների վերաբերյալ:
Reuters գործակալության տեղեկություններով՝ այդ մարդը, որի ինքնությունը չի բացահայտվում, դիմել է ամերիկյան հետախուզական ծառայությունների ներքին անվտանգության մարմիններին` Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցին վերաբերող տեղեկություններ տրամադրելով:
Դրան զուգահեռ՝ հայտնի է դարձել, որ Թրամփի և նրա փաստաբան Ռուդի Ջուլիանիի հետ կապեր ունեցող մի խումբ գործարարներ ամիսներ առաջ փորձել են փոփոխություններ իրականացնել ուկրաինական «Նաֆտոգազ» ընկերության ղեկավար կազմում` հետագայում այդ կառույցի հետ շահավետ պայմանագրեր կնքելու ակնկալիքով: Այդ գործողություններում, ըստ Associated Press գործակալության, ներգրավված է եղել նաև Միացյալ Նահանգների էներգետիկայի նախարար Ռիք Փերին, որն առաջարկել է պաշտոնական Կիևին «Նաֆտոգազ» ընկերության կազմում ԱՄՆ քաղաքացու ընդգրկել: