Արցախի դրոշը՝ Լյուքսեմբուրգի մարզադաշտում․ ՈՒԵՖԱ-ն քննում է միջադեպը, Բաքուն պահանջում է պատժել մեղավորներին

Արցախի դրոշը, արխիվ

ՈՒԵՖԱ-ն հետաքննում է միջադեպը, Ադրբեջանը պահանջում է պատժել մեղավորներին, Լյուքսեմբուրգը ներողություն է խնդրում՝ սա է թերևս երեկ Եվրոպա լիգայի շրջանակներում Լյուքսեմբուրգում տեղի ունեցած ֆուտբոլային հանդիպման ամենևին էլ ոչ մարզական արդյունքը:

Տեղի «Դյուդելանժ»-ի և ադրբեջանական «Ղարաբաղ»-ի խաղն անմիջապես հայտնվեց լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, երբ մարզադաշտի վերևում երևաց անօդաչու թռչող մի սարք՝ Ղարաբաղի դրոշով: «Ադրբեջանցի ֆուտբոլիստները բորբոքվեցին, վայրկյանների ընթացքում զայրույթի ալիքը հասավ հանդիսատեսների տրիբունա՝ ստիպելով մրցավարին ժամանակավորապես ընդհատել հանդիպումը», - գրել է տեղի պարբերականներից մեկը՝ հավելելով․ - «Թեև խաղն ընդհատվել էր, սակայն գնդակը շարունակում էր թռչել այս ու այն կողմ, քանի որ ադրբեջանցի կիսապաշտպան Գարա Գարաևը ապարդյուն փորձում էր իջեցնել վիճահարույց դրոշը»: Հարկադրված ընդմիջումից հետո, մոտ 15 րոպե անց խաղը վերսկսվել է: Թեժացած կրքերը հանդարտեցնելու համար մարզական մեկնաբանի փոխարեն բարձրախոսին է մոտեցել Լյուքսեմբուրգի սպորտի նախարարն ու պաշտոնապես ներողություն խնդրել հյուրերից:

Ժամեր անց նաև «Դյուդելանժ»-ն է ներողություն խնդրել կատարվածի համար: «Մենք այս սադրանքի հետ որևէ կապ չունենք և կպարզենք հանգամանքները», - հայտարարել է ֆուտբոլային ակումբը Թվիթերի իր պաշտոնական էջում:

Միջադեպին արձագանքել է նաև ՈՒԵՖԱ-ն, կազմակերպությունը հայտարարել է, թե խաղն ընդհատվել էր անվտանգության նկատառումներով, և հավելել․ - «Մենք սպասում ենք այս հարցով հետաքննությունների ավարտին՝ որոշելու՝ արդյոք պետք է կարգապահական պատժամիջոցներ կիրառել խաղի պատասխանատուների նկատմամբ»:

Պաշտոնական այս քայլերը, սակայն, Բաքվին չեն գոհացրել: Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե Լյուքսեմբուգում իր դեսպանին հանձնարարել է կապ հաստատել այդ երկրի իշխանությունների հետ՝ «համոզվելու, որ սադրանքի մեղավորները կհայտնաբերվեն և համապատասխան պատժի կենթարկվեն»: «Ադրբեջանի արտգոծնախարարությունը հետևում է զարգացումներին և սպասում է կոնկրետ քայլերի», - Թվիթերում գրել է դիվանագիտական գերատեսչության խոսնակ Լեյլա Աբդուլաևան:

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան էլ պաշտոնական բողոք է ներկայացրել ՈՒԵՖԱ-ին՝ կոչ անելով մանրազնին հետաքննություն իրականացնել միջադեպի շուրջ: «Այն, ինչ տեղի ունեցավ «Ժոզի Բարտել» մարզադաշտում, ամեն ինչից բացի վտանգի տակ դրեց նաև ֆուտբոլիստների անվտանգությունը: Մենք հույս ունենք, որ առաջիկայում քայլեր կձեռնարկվեն, որպեսզի նման դեպքեր այլևս չկրկնվեն», - ասված է ադրբեջանական մարզական կառույցի հայտարարության մեջ:

Հօգուտ ադրբեջանական ակումբի 4:1 հաշվով ավարտված խաղին արձագանքել են արևմտյան գրեթե բոլոր առաջատար լրատվամիջոցները՝ ներկայացնելով ղարաբաղյան հակամարտության պատմությունն ու դրդապատճառները: «Առաջին անգամը չէ, որ երկու հարևանների միջև առկա լարվածությունն ազդում է ֆուտբոլի վրա և սկանդալի պատճառ դառնում Եվրոպա լիգայի շրջանակներում», - ճշգրտել է մարզական թերթերից մեկը, հիշեցնելով՝ հայազգի աստղ Հենրիխ Մխիթարյանն ամիսներ առաջ նախընտրել էր չմեկնել Բաքու՝ Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղին մասնակցելու, դրանից առաջ էլ բաց էր թողել ադրբեջանական «Ղարաբաղ»-ի հետ մեկ այլ հանդիպում՝ նույն այդ հակամարտության պատճառով: