Մատչելիության հղումներ

Ինձ համար ծանր է Եվրոպայի լիգայի եզրափակիչը բաց թողնելը. Հենրիխ Մխիթարյան


Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, արխիվ
Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, արխիվ

Հենրիխ Մխիթարյանը Թվիթերի իր էջում այսօր գրել է. «Քննարկելով բոլոր տարբերակները, մենք ստիպված էինք ինձ համար դժվարին որոշում ընդունել՝ թիմի հետ չմեկնել Բաքու Եվրոպայի լիգայի եզրափակչին: Նման հանդիպումները մեզ՝ խաղացողներիս համար հաճախ չեն տեղի ունեում և պետք է խոստովանեմ՝ ինձ համար ծանր է այն բաց թողնելը»:

«Արսենալ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը ևս պաշտոնապես հայտնել է, որ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու՝ մասնակցելու մայիսի 29-ին կայանալիք Եվրոպայի լիգայի «Արսենալ»-«Չելսի» եզրափակիչ հանդիպմանը:
Ակումբն այդ որոշումն ընդունել է հայազգի մարզիկի անվտանգության նկատառումներից ելնելով:

«Մենք հիասթափված ենք, որ Հենրիխ Մխիթարյանը թիմի հետ չի մեկնի «Չելսի»-ի դեմ Եվրոպայի լիգայի եզրափակչին: Մենք հանգամանալից ուսումնասիրել ենք բոլոր տարբերակները, որպեսզի Հենրիխը լինի թիմի կազմում: Ֆուտբոլիստի և նրա ընտանիքի հետ խորհրդակցելուց հետո եկանք կոլեկտիվ համաձայնության, որ նա չի մեկնի թիմի հետ: Մենք նամակ ենք գրել ՈւԵՖԱ-ին՝ խորը մտահոգություն հայտնելով ստեղծված իրավիաճակի կապակցությամբ: Միկին առանցքային խաղացող էր լինելու եզրափակչում, այնպես որ դա մեզ համար մեծ կորուստ է: Մենք շատ տխուր ենք, որ այդպիսի խաղացողը նման հանգամանքներում բաց կթողնի Եվրագավաթի եզրափակիչը, ինչը ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում հազվադեպ է տեղի ունենում», - այսօր հայտարարել է «Արսենալ» ֆուտբոլային ակումբը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը այսօրվա ճեպազրույցում ասել է. «Մենք կողջունեինք, եթե ադրբեջանական կողմը հավատարիմ լիներ այն սկզբունքին, որի մասին հայտարարել էր օրեր առաջ, այն է՝ սպորտը վեր է քաղաքականությունից։ Ադրբեջանի կողմից անվտանգության երաշխիքներ չտրամադրելը և ենթադրյալ հայկական ծագում ունեցող երկրպագուների մուտքի արգելքը ոչ այլ ինչ է, քան ռասիստական դրսևորում»:

Նա հավելել է, որ դա կասկածի տակ է դնում այդ երկրում միջազգային միջոցառումների անցկացումը։

«Այս խաղով Ադրբեջանը հնարավորություն ուներ ցույց տալու, թե որքան է իրապես պատրաստ աշխատելու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ, սակայն ականատես եղանք ռասիզմի նոր դրսևորումների։ Բնականաբար, այս հանգամանքը բարձրացվելու է մեր միջազգային գործընկերների առջև», - ասել է ԱԳՆ խոսնակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG