Փոխգնդապետ Մխիթարյանին ծեծի ենթարկելու գործով ձերբակալվել է նաև Վայոց Ձորի մարզպետի օգնականի եղբայրը

Ինչպես «Ազատությանը» փոխանցեց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը, Վայոց Ձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու միջադեպի գործով այսօր ձերբակալվել է մարզպետի օգնականի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը:

«Զինծառայող Արա Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում այսօր խմբի կազմում ուրիշի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով ձերբակալվել է Զավեն Գրիգորյանը։ Այս պահին նա կասկածյալի դատավարական կարգավիճակ ունի», - ասաց Հարությունյանը։

Ավելի վաղ, այս գործով կալանավորվել է մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը, որը մեղադրվում է դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու համար:

Փոխգնդապետ Արա Մխիթարյանը ծանր մարմնական վնասվածքներ ստացել էր Եղեգնաձորի շենքերից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Ըստ քննչական կոմիտեի, 28-ամյա երիտասարդը բռունցքով մեկ անգամ հարվածել է սպայի գլխին, որի հետևանքով վերջինս վայր է ընկել։

Իրավապահներն ավելի վաղ հայտնել էին, որ միջադեպին մարզպետ Տրդատ Սարգսյանի մասնակցությունը ստուգելու նպատակով առգրավվել են դեպքի հարակից տարածքում առկա տեսախցիկները:

Արա Մխիթարյանի հարազատները համոզված են, որ բռունցքի մեկ հարվածից նա նման ծանր վիճակում չէր հայտնվի, և պնդում են, որ նրա գլխին հարվածել են մեծ քարով:

Օգնականի կալանավորումից երկու օր անց Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հայտարարեց հրաժարական ներկայացնելու մասին, սակայն շարունակել է պնդել, որ որևէ առնչություն չունի Եղեգնաձորում տեղի ունեցած միջադեպին, որի հետևանքով Պաշտպանության նախարարության փոխգնդապետը հայտնվել է կոմայի մեջ:

Տրդատ Սարգսյանը Ֆեյսբուքում գրել էր. - «Ինչպես և հայտնել եմ նախկինում, դեպքի ժամանակ եղել եմ տանը․ նախաքննությունն իրականացնող մարմնին ներկայացրել եմ այս փաստը հիմնավորող ապացույցներ։ Վստահ եմ, որ կիրականացվի օբյեկտիվ քննություն և մեղավորները կպատժվեն։ Այնուամենայնիվ, ևս մեկ անգամ հերքելով որևէ առնչությունս այս դեպքին, բայց դրանից առավել կարևորելով նոր Հայաստանում քաղաքական էթիկայի ու քաղաքական պատասխանատվության կայացումը՝ հայտնում եմ, որ որոշում եմ կայացրել վայր դնել Վայոց Ձորի մարզպետի լիազորություններս այսօր մեկնարկող լայնածավալ ռազմավարական զորավարժությունների ավարտից հետո»:

Միջադեպին անդրադարձել էր նաև Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ ասելով, որ հետևողական են լինելու, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։