«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման նախագծի քվեարկությանը: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այդ մասին հայտարարեց խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
«Որոշողը Սահմանադրական դատարանն է, դրա համար մենք՝ մեր խմբակցությամբ որոշեցինք, որ մենք չմասնակցենք այդ քվեարկմանը, էդքան բան», - նշեց Ծառուկյանը։
Ըստ Ծառուկյանի, ծավալուն նախագծում ներկայացված հիմնավորումները թույլ են: Թե որոնք են դրանք և արդյոք անձամբ ուսումնասիրել է, ԲՀԿ առաջնորդը չմանրամասնեց:
«Այսօր նայելով հիմնական դրույթները, թղթերը, որ, ասենք, և կա ժամկետների խախտումներ, ուրեմն չենք ուզում ասենք, թե լիարժեք մի բանը, որը իրավաբանորեն ապացուցված չի, ժամկետների խախտումներ կան, թերի դրույթներ կան, հիմնավորումները շատ թույլ են», - ընդգծեց Գագիկ Ծառուկյանը։
ՍԴ նախագահի լիազորութունները դադարեցնելու նախագծին կողմ կքվեարկի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Այդ մասին հայտարարեցին ավելի քան մեկ շաբաթ առաջ՝ Պետաիրավական հանձնաժողովի նիստում:
Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման նախաձեռնության պատճառն, ըստ նախագծի, Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության ժամանակ Թովմասյանի թույլ տված էական խախտումներն են:
Իշխող «Իմ քայլը» խմբակցության հեղինակած շուրջ 100-էջանոց փաստաթղթում ներկայացված է չորս հիմք: Այդ հիմքերից մեկը, որ խախտվել է բարձր դատարանի անաչառության սկզբունքը, ՍԴ նախագահի և Հանրապետական կուսակցության փոխկապակցվածությունն է, Թովմասյանի անդամակցությունը ՀՀԿ-ին, իսկ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի շահերը համընկնում են Մարտի 1-ի գործով: Հատկանշական է, որ «Բարգավաճ Հայաստան»-ը դեռևս ՀՀԿ-ի օրոք դեմ է քվեարկել ՍԴ նախագահի պաշտոնում Թովմասյանի թեկնածությանը՝ հենց այդ հիմքով, որ նա Հանրապետականի անդամ է եղել:
«Բոլորդ էլ գիտեք, որ նախորդ գումարման ժամանակ մենք Հրայր Թովմասյանին դեմ ենք քվեարկել, իր պաշտոնի համար, էդ ընտրության համար, որ չի համապատասխանում», - ընդգծեց Ծառուկյանը։
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի համար անհասկանալի է ԲՀԿ-ի որոշումը, հատկապես, երբ նախկին իշխանության օրոք դեմ են եղել Թովմասյանի թեկնածությանը։
«Իհարկե, անհասկանալի է այս պարագայում դիրքորոշում չհայտնելը, նրանք չեն հայտնել դիրքորոշում, որ դեմ են նախագծին կամ կողմ են, այլ նախընտրել են դիրքորոշում չհրապարակել։ Չարտահայտելը, առհասարակ ձեռնպահ մնալը այս պահին չեմ կարող ասել, թե ինչով է պայմանավորված, իրավակ հիմնավորումները, ես կարծում եմ, որ դրվել են մի կողմ», - նշեց Մակունցը։
Լիլիթ Մակունցն այսօր էլ պնդեց՝ իրենց հիմնավորումները ծանրակշիռ են: Հիմքերից է Հրայր Թովմասյանի և Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանի հետ քավոր-սանիկական կապը: Խնդիրը ոչ թե բարեկամական կապն է, այլ դրա մասին չբարձրաձայնելը՝ այդպիսով սեփական անձի վարույթից հեռացվելու հարց չբարձրացնելը: Եվ վերջապես, Քոչարյանի դիմումը վարույթ ընդունելիս պետք է քննարկվեր դատավորի մասնակցության անհնարինության վերաբերյալ հարցը, բայց այդպիսի որոշում ՍԴ-ն չունի։
Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանն էր միջնորդություն ներկայացրել Հրայր Թովմասյանի մասնակցության անհնարինության վերաբերյալ, սակայն ՍԴ-ն չի քննել այդ միջնորդությունը:
«Մենք չենք պատրաստվում աչք փակել այն իրավական փաստարկների վրա, որոնք ի հայտ են եկել, և Ազգային ժողովի պատգամավորի, խմբակցությունների, Ազգային ժողովի որպես օրենսդիր մարմինի լիազորությունների շրջանակում իրականացնում ենք օրենքի տառին հետևելով գործընթացը», - նշեց Մակունցը։
Նախագիծն այս նստաշրջանի օրակարգում է, քննարկումը դեռ չի սկսվել: Եթե ընդունվի, կուղարկվի Սահմանադրական դատարան: Բարձր դատարանի որոշումն է վճռորոշ լինելու՝ Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հիմք կա, թե ոչ: Որոշման ընդունման համար անհրաժեշտ է առնվազն վեց դատավորի ձայն: Ինը դատավորից չի մասնակցի Թովմասյանը, քանի որ իրեն է առնչվում քննարկվող հարցը: