ԲՀԿ-ն չի մասնակցի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագծի քվեարկությանը

ԲՀԿ խմբակցությունը ԱԺ նիստի ժամանակ, արխիվ

«Բարգավաճ Հայաստան»-ը (ԲՀԿ) չի մասնակցի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծի քվեարկությանը: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պարզաբանելով, որ իրենց կարծիքով՝ խորհրդարանական մեծամասնության նախաձեռնությանը հիմնավորումները թույլ են:

Անցած տարվա մարտին Ծառուկյանի ղեկավարած խմբակցությունը հայտարարել էր, որ դեմ է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանի թեկնածությանը նաև այն պատճառով, որ նա Հանրապետականի անդամ էր:

Որոշման նախագիծը իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել գրեթե երկու շաբաթ առաջ: 94-էջանոց փաստաթղթում հայաստանյան օրենսդրության և միջազգային դատարանների նախադեպերին հղում անելով՝ ներկայացվել են ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու հիմքերը:

Ընդդիմադիր մյուս խմբակցությունը՝ «Լուսավոր Հայաստան»-ը հայտարարել է, որ կողմ է քվեարկելու նախագծին:

Մանրամասները տե՛ս այստեղ