Ռուսաստանի նախագահի երեկվա երևանյան այցի օրակարգում երկու երկկողմ հանդիպում էր՝ Հայաստանի և Իրանի առաջնորդների հետ:
Վլադիմիր Պուտինի և Հասան Ռոհանիի երեկ երեկոյան կայացած բանակցությունների հիմնական հարցը Հորմուզի նեղուցի անվտանգությանն ուղղված Իրանի նախաձեռնությունն էր, ասված է Իրանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:
Հանդիպումը, հիշեցնենք, տեղի է ունեցել Երևանում Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի շրջանակում: Իրանի նախագահն այս գագաթնաժողովին ուներ պատվավոր հյուրի կարգավիճակ:
Պուտինի հետ հանդիպմանը Ռոհանին քննարկել է պաշտոնական Թեհրանի՝ Նյու Յորքում անցած շաբաթ արդեն հնչեցրած՝ Հորմուզի նեղուցի անվտանգությանն ուղղված նախաձեռնությունը: Բացի այդ, Ռուսաստանի և Իրանի նախագահները քննարկել են նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը, Սիրիան, երկու երկրների երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր:
Ռոհանիի հետ հանդիպումը սկսելիս Ռուսաստանի առաջնորդը շեշտել է Իրանի համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության հետ՝ հույս հայտնելով, թե այդ համագործակցությունն արդյունավետ կլինի բոլոր կողմերի համար:
Իրանի նախագահը, իր հերթին, դրական է գնահատել Ռուսաստանի ջանքերը իրանական միջուկային գործարքը փրկելու հարցում, թեև մինչ այդ Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի ընդլայնված կազմով նիստին քննադատել էր Ռուսաստանին՝ ասելով, թե Ռուսաստանը ևս պատժամիջոցներ է կիրառում Իրանի դեմ: «Վերջին տարիներին Միացյալ Նահանգների օրինակին հետևում են բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ անգամ մեր որոշ դաշնակիցներ, օրինակ՝ Ռուսաստանը, կիրառելով միակողմանի մոտեցում և անտեսելով միջազգային պարտավորություններն ու համաձայնագրերը և խախտելով երկկողմ համաձայնությունները», - Երևանում երեկ հայտարարել էր Հասան Ռոհանին: