Մատչելիության հղումներ

«Երեք աշխարհ հանդիպեցին Երևանում»․ պատգամավորները, իրանագետը մեկնաբանում են ԵԱՏՄ գագաթնաժողովը


ԵԱՏՄ երևանյան գագաթնաժողովի ընդլայնված կազմով նիստը, 1-ը հոկտեմբերի, 2019թ․
ԵԱՏՄ երևանյան գագաթնաժողովի ընդլայնված կազմով նիստը, 1-ը հոկտեմբերի, 2019թ․

Երևանում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովին միաժամանակ 7 երկրների ղեկավարների ներկայությունը Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը դրական է գնահատում՝ այն համարելով պաշտոնական Երևանի ձեռքբերումը։

«Հայաստանն իր հեղինակությունը, ըստ էության, օգտագործելով՝ կարողացավ այս կարևոր միջոցառմանը ապահովել երկու առանցքային երկրների ղեկավարների ներկայությունը՝ Իրանի և Սինգապուրի, և սա, իհարկե, խոսում է Հայաստանի հեղինակության և վարկի մասին», - «Ազատության» հետ զրույցում ասաց պատգամավորը:

Բաբաջանյանը, սակայն, ասում է՝ պետք չէ մոռանալ, որ պաշտոնական Երևանը ԵԱՏՄ գործընկերների հետ բազմաթիվ հարցերի շուրջ դեռ պարզաբանումների կարիք ունի։ «Նույն ապրիլյան պատերազմում ԵԱՏՄ անդամ որոշ, էսպես, դաշնակից երկրների և Ադրբեջանի սիրավեպերի պատճառով մենք բոլորովին այլ իրավիճակ և այլ իրականություն ունեցանք, և դա ամենևին չի ավելացրել ԵԱՏՄ-ն Հայաստանի անվտանգության կոմպոնենտը, և, բնականաբար, խնդիրները, որոնք որ կային մինչև այդ, այսօր էլ շարունակում են մնալ: Եվ մենք տեսնում ենք այսօր Լարսում, օրինակ, խնդիրներ, որը այն անցակետն է, որը Հայաստանին կապում է Եվրասիական տնտեսական միությանը», - նշեց նա:

Պատգամավորն ընդհանրապես ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն անարդյունավետ է համարում, հատկապես՝ հեղափոխությունից հետո, երբ նոր իրադրություն է ստեղծվել։ «Միևնույն է՝ դա հետադիմական ակումբ է, դա ավտորիտար երկրների ակումբ է, և Հայաստանը իր ներկա ժողովրդավարական մակարդակով և իր առաջնահերթություններով անհամապատասխան է այն ակումբին, այն կանոններին, որում գտնվում է Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Ռուսաստանը», - ընդգծեց Բաբաջանյանը:

ԵԱՏՄ գագաթնաժողովին Իրանի նախագահ Հասան Ռոհանիի մասնակցությունը կարևոր ցուցիչ է Հայաստան-Իրան փոխհարաբերությունների համատեքստում։ Իրանագետ Վարդան Ոսկանյանն ասում է՝ ակնհայտ է, որ պաշտոնական Թեհրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն ԵԱՏՄ մակարդակում, այլև որպես առանձին կարևոր նշանակության խաղացող։

«Այդ համատեքստում տեսնում են Հայաստանը որպես կարևորագույն օղակ Պարսից ծոցը Սև ծովին կապող միջանցքի շրջանակներում: Ես ուզում եմ շատ հաճախ շփոթի առարկա դարձող այս հանգամանքը հատկապես շեշտել՝ այդ միջանցքը ենթադրում է Իրանի կապ Եվրոպայի հետ, այլ ոչ թե ԵԱՏՄ անդամ երկրների հետ, հետևաբար՝ իրանցիները մեզ, ըստ էության, դիտարկում են, մի կողմից, ԵԱՏՄ տարածքի համար կարևոր հարթակ, մյուս կողմից՝ դեպի Եվրոպա իրանական ելք ապահովելու համար չափազանց կարևոր տիրույթ», - «Ազատության» հետ զրույցում նշեց իրանագետը:

Երևանում անցկացված ԵԱՏՄ գագաթնաժողովը իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը ևս կարևոր է համարում։ Պատգամավորը գագաթնաժողովը համեմատում է 2018 թվականին Հայաստանում անցկացված Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հետ, երբ Հայաստան ժամանեցին Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և բազմաթիվ այլ երկրների ղեկավարներ։

«Շատ հատկանշական է, որ Հայաստանի հողում հանդիպեցին երկու, նույնիսկ երեք տարածաշրջան՝ դա Ասիան է, դա ԱՊՀ և նախկին Սովետական Միության տարածքի երկրներն են, և Իրանը, Սինգապուրը, Իրանը և նախկին Սովետական Միության տարածքի երկրները: Երեք քաղաքակրթություն, երեք աշխարհ հանդիպեցին Երևանում, և ես կասեի, որ այն գնահատականները, որոնք հնչեցին բոլոր երեք աշխարհի ներկայացուցիչներից, շատ հուսադրող են», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բեղլոյանը:

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու համար Երևան էին ժամանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, որպես դիտորդ երկրի ներկայացուցիչ՝ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, որպես հրավիրյալներ՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին և Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը:

XS
SM
MD
LG