Երևանում այսօր երեկոյան կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս մասին Ֆեյսբուքում հաղորդում է Հայաստանի վարչապետը:
«Հանդիպում եմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ» գրառման ներքո հրապարակված է կարճ տեսանյութ, որում երկու պետությունների ղեկավարները բարձր են գնահատում Երևանում անցկացված Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի արդյունքները, մասնավորապես՝ նիստին Իրանի և Սինգապուրի ղեկավարների մասնակցությունը, Սինգապուրի հետ ԵԱՏՄ-ի և անդամ երկրների ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրումը և Իրանի ու ԵԱՏՄ երկրների միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանը միտված ժամանակավոր համաձայնագրի ուժի մեջ մտնելը:
Փաշինյանն ու Պուտինը նաև շեշտում են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ռազմավարական բնույթը:
Հայաստանի վարչապետն ավելի ուշ Ֆեյսբուքում գրել է․ - «Փայլուն զրույց ունեցանք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Մեր ռազմավարական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում»:
Ֆեյսբուքյան մեկ այլ գրառմամբ էլ Փաշինյանը տեղեկացրել է, որ Պուտինի հետ ևս մեկ մեկուկես ժամանոց հանդիպում է ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում, ինչից հետո Ռուսաստանի նախագահը մեկնել է Հայաստանից:
Կրեմլի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Վլադիմիր Պուտինը Երևանում հանդիպում է ունեցել նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ:
Տե՛ս նաև այստեղ