Դատավոր Դանիբեկյանի հետ տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրգործով երկու անձի մեղադրանք է առաջադրվել

Դատավոր Աննա Դանիբեկյան, սեպտեմբեր, 2019թ.

Ռոբերտ Քոչարյանի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում երկու անձի մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը:

Միջնորդություն է ներկայացվել դատարան նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ: Գործը քննում է Քննչական կոմիտեն։

Երեկ երեկոյան համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ մի երիտասարդ դատավորին տեսանկարահանելով հարցեր էր տալիս, մասնավորապես. «Արդյո՞ք Դուք պատերի տակ վնգստացող դատավորների թվին եք պատկանում»։

Բարձրագույն դատական խորհուրդն (ԲԴԽ) արձագանքելով այս միջադեպին նշել է. «Մի խումբ անձինք հետապնդել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին՝ անհարկի հարցուպատասխանի միջոցով փորձելով հոգեբանական ճնշման ենթարկել, վիրավորել և նսեմացնել դատավորի անձը: Բարձրագույն դատական խորհուրդը դատապարտում է դատավորի նկատմամբ ցանկացած ոտնձգություն և ճնշում, որով կվտանգվի նրա անկախությունն ու մասնագիտական գործունեությունը, և հայտարարում, որ հետևողական է լինելու, որպեսզի օրենքի առաջ կանգնեն և խստագույնս պատասխանատվության ենթարկվեն բոլոր այն անձինք, ովքեր կփորձեն որևէ տեսակի ոտնձգություն գործել դատավորների, նրանց պատվի և արժանապատվության, մասնագիտական գործունեության դեմ»։

Ավելի ուշ ԲԴԽ-ն հայտարարեց, որ արդեն իսկ լուծված է դատավոր Աննա Դանիբեկյանի անվտանգության ապահովման հարցը: Ի դեպ, ավելի վաղ դատավորներ Արմեն Դանիելյանը և Դավիթ Գրիգորյանը դիմել էին Ոստիկանություն՝ իրենց անվտանգությունն ապահովելու համար:

Միջադեպին է արձագանքել նաև Մարդու իրավունքների պաշտպանը, անթույլատրելի համարելով դատավորի հետ տեղի ունեցածը։

Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը միանշանակ անընդունելի է համարում Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցածը, միևնույն ժամանակ շեշտում՝ պատասխանատվության պետք է ենթարկվեն այլ դատավորների նկատմամբ ճնշում գործադրած անձինք։

«Ալեքսանդր Ազարյան, 2018 թվական, ամառ՝ որոշում և ծայրահեղ ճնշում դատարանի նկատմամբ, ինչ է որ արձանագրել էր գործառութային անձեռնմխելիության հանգամանքը, վիրավորանք, անհարգալից վերաբերմունք, կարծում եմ՝ մեղմ էր ասված, որովհետև է՛լ հրապարակային հայտարարությունները, նույնիսկ քաղաքական գործունեությամբ զբաղվող անձանց կողմից Ազարյանի նկատմամբ ակնհայտ էր։ Մյուսը՝ դատավոր Դավիթ Գրիգորյան. կրկին՝ հեռախոսահամարի հրապարակում, հրապարակային սպառնալիքներ, ոչ միայն կեղծ էջերի, այլ կարծես թե իրական անձանց կողմից՝ քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված ոչ մի գործողություն։ Դավիթ Բալայան. դատավորը փորձում էր մուտք գործել դատարանի շենք, ձեռքից հրում են, ընդհուպ գցում գետնին, ոչ մի գործողություն։ Բալայան Դավիթի դեպքում պետք է անհապաղ քրեական հետապնդում հարուցվեր, և ձերբակալվեր։ Ես գտնում եմ, որ Գյուլումյանի դեպքում պետք է անհապաղ ձերբակալություն լիներ, Ազարյանի դեպքում պետք է անհապաղ ձերբակալություն լիներ բոլոր նրանց, ովքեր ճնշում էին դատարանին և նման անհարգալից արտահայտություններ էին անում։ Հիմա արդեն անդրադառնանք Դանիբեկյանին. չեմ կարող ընդունել կամ ընդունելի համարել այն, ինչը տեղի ունեցավ Դանիբեկյանի նկատմամբ», - ասաց Վարդևանյանը։

Փաստաբան, Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը կարծում է՝ «անհարգալից վերաբերմունք ձևակերպումը չի համապատասխանում կատարված արարքին»։

«Սա կոնկերտ հետապնդում է, սա կոնկրետ ահաբեկում կամ վախեցման նպատակ հետապնդող գործողություն է, որը պայմանավորված է Աննա Դանիբեկյանի կողմից իր պաշտոնեական լիազորությունների կատարման հետ։ Էս մասով նախ պետք է քրեական գործ հարուցվի նաև անձնական տվյալներ հավաքագրելու, օգտագործելու ու տարածելու, և նաև պետք է այս կապակցությամբ շատ հրատապ վերամշակվի և փոփոխվի քրեական օրենսդրությունը, որովհետև ավելի լայն պաշտպանություն ապահովելու հնարավորություն կտա և առավել ընդգրկուն կդարձնի այն բոլոր հնարավոր արարքները, որոնք, օրինակ, այս դեպքում դրսևորվեցին և դեռ կարող են դրսևորվել», - նշեց Եգորյանը։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը դատապարտում է դատավորի հետ տեղի ունեցածը, բայց միևնույն ժամանակ խնդրահարույց է համարում երիտասարդին բերման ենթարկելու ոստիկանների գործողությունները։

«Կարծում էի, որ իշխանությունները այնքան խոհեմ կլինեն, որ աղմկահարույց գործերով ոչ միայն դատավորների, այլև քննիչների ու դատախազների անվտանգությունը ապահոված կլինեին արդեն։ Չէի կարծում, որ հնարավոր է այդպիսի տարբերակ, որ դատավորը միայնակ երեկոյան ուշ ժամի ինչ-որ նպատակով, թեկուզ՝ անձնական, տանից տուրս գա ու հանդիպի նման խնդիրների, շատ վրդովեցնում է այս իրավիճակը, որովհետև արդեն իսկ պիտի միջոցներ ձեռնարկված լինեին։ Շատ կարևոր եմ համարում նաև ոստիկանության գործողությունները էս պահին։ Ես տեսա տեսանյութ, թե ինչպես են բերման ենթարկել. սա էլ անընդունելի տարբերակ է, որովհետև, այո, երիտասարդը իրեն կոռեկտ չէր պահել, ճիշտ չէր պահել, սա շատ անհանգստացնող էր, բայց միևնույն ժամանակ էդպիսի ձևով բերման ենթարկել երիտասարդին, կարծում եմ, սա էլ համաչափ չէր կարող գնահատվել», - ընդգծեց Նինա Կարապետյանցը։

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ դատապարտում է դատավորի հետ տեղի ունեցած միջադեպը, որը համարում է հոգեբանական բռնության տեսակ։

«Դատական իշխանության նկատմամբ հարգանքը պետք է իրոք դառնա Հայաստանի Հանրապետության համար կարևորագույն գրավական իրավական պետության կառուցման։ Այսօր աշխատանք ունենք տանելու և՛ օրենսդիր ու գործադիր մարմինների, և՛ հենց դատական իշխանությունը, և նման վարքագիծ, ըստ էության, պարզապես պետք է բացառել հետագայում՝ հաշվի առնելով այն հռչակած գաղափարական կանխադրույթները, որ Հայաստանի Հանրապետությունում բռնությունը որպես ներքաղաքական խնդիրներ լուծելու կամ որևիցե հարցին լուծում տալու համար պարզապես անընդունելի է», - ընդգծեց Վարդանյանը։