Մատչելիության հղումներ

Դատավոր Արմեն Դանիելյանը դիմել է Ոստիկանություն իր անվտանգությունը ապահովելու համար


Ավելի վաղ նման պահանջով Ոստիկանություն էր դիմել դատավոր Դավիթ Գրիգորյանը:

Վերաքննիչ քրեական դատարանում սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի գործով ներկայացված բողոքների քննության հարցով խորհրդակցական սենյակ հեռացված դատավոր Արմեն Դանիելյանը դիմել է Ոստիկանություն իր անվտանգությունը ապահովելու համար:

Տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ առանց լրացուցիչ մանրամասներ հայտնելու․ - «Անվտանգությունն ապահովում են: Մնացած մեխանիզմներն արդեն մեր խնդիրն է»:

Վերաքննիչ ատյանի դատավոր Արմեն Դանիելյանը Քոչարյանի խափանման միջոց կալանքը երաշխավորությամբ փոխելու և գործը կասեցնել ու Սահմանադրական դատարան ուղարկելու առաջին ատյանի որոշման դեմ բողոքները քննեց ի պաշտպանություն և ընդդեմ Քոչարյանի ընթացող բողոքի ակցիանների ներքո և անսպասելիորեն խորհրդակցական սենյակ հեռացավ հունիսի 20-ին:

Ոստիկանների պաշտպանությանը դիմած Դանիելյանը վաղը պետք է հրապարակի առաջին ատյանի դատարանի կողմից ազատ արձակված Քոչարյանին կրկին կալանավորվելու կամ ազատության մեջ թողնելու մասին որոշումը:

Քոչարյանի փաստաբաններից Հովհաննես Խուդոյանը «Ազատությանը» փոխանցեց, որ այս փուլում չեն ցանկանում մեկնաբանել դատավորի այդ քայլը՝ նշելով, թե դա արտառոց երևույթ չէ:

Ավելի վաղ նման պահանջով Ոստիկանություն էր դիմել նաև առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, որի որոշմամբ Քոչարյանը կալանքից ազատվել էր, գործի վարույթը կասեցվել էր և ուղարկվել Սահմանադրական դատարան սահմանադրական կարգի տապալման 300.1 հոդվածի Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու մասով:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը կարծիք է հայտնում, որ այսպես դատավորը որոշել է երաշխավորել իրեն բոլոր հնարավոր միջամտութոյւններից․ - «Չունենք հստակ տեղեկատվություն, թե ովքեր են այդ սպառնացողները: Պետք է ենթադրել, որ առաջին դեպքում պետք է որ լինի սպառնալիք իշխանության կամ մեղադրող կողմի կողմից, բայց էդ դեպքում երկրորդ դատավորի միջնորդությունը անվտանգության միջոցներ ապահովելու առումով, կարծես թե, նման սպառնալիքները հերքում է: Կամ քանի որ բազմիցս իշխանությունը հայտնել է, որ իրապես չի միջամտում ու որևիցե հիմքեր չկան միջամտության մասին պնդումներ անելու, հակառակ դեպքում առաջին ատյանի դատարանի դատավորը չէր կարող նման որոշում կայացնել, ապա ենթադրում եմ, որ, հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի՝ դատարանի դահլիճում հնչեցրած «յախեդ թափի» կոչը ըստ էության հնչում է որպես նախազգուշացում: Պետք է մտածել, որ դատավորը հիմքեր է ունեցել դիմելու անվտանգությունը ապահովելու համար»:

Իրավապաշտպանը կարևորում է, որ թե՛ դատավորը , թե՛ Ոստիկանությունը հրապարակային կերպով ներկայացնեն այն հիմնավորումները, որոնք ստիպել են դատավորին նման զգուշավորություն ցուցաբերել:

Սաքունցը նկատում է, որ սա հանրային մեծ կարևորություն և հնչեղություն ունեցող հարց է, և ցանկացած քայլ պետք է առավելագույնս թափանցիկ կատարվի՝ հնաարվոր սխալ ենթադրություններից խուսափելու համար:

Նշեմ որ, ողջ օրվա ընթացքում մեզ այդպես էլ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ դատավոր Արմեն Դանիելյանի գրասենյակից:

Ավելի ուշ՝ «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման շրջանակում Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը մեկնաբանեց Դանիելյանի դիմումը․ - «Ծայրահեղ բևեռացման ֆոնի վրա այսպես կոչված վտանգը կարող է լինել ցանկացած կողմից այն իմաստով, որ պլանավորված, չպլանավորված: Մենք տեսանք ինչ եղավ առաջին ատյանի դատարանի որոշումից հետո, երբ որ հեռախոսի համար, հասցե, ինչ-որ տվյալներ էին անձնական շրջանառվում: Եվ ոստիկանության հայտարարության մեջ կարծես տրված էր առաջին ատյանի դատավորն էլ էր անվտանգությունն ապահովող ոստիկանների հետ շրջում: Կա օրենսդրության մեջ համապատասխան կարգավորում, որը թույլ է տալիս դատավորին, որը կոնկրետ գործ է քննում, և դատավորը ունի մտավախություն անվտանգության, դիմել և խնդրել անվտանգության միջոցներ: Ծայրահեղ բևեռացած հասարակության մեջ ցանկացած բառ, ցանկացած քննարկում ցանկացած խոսք․ դա կարող է լինել լայն իմաստով և՛ մեր աջակիցների կողմից, և՛ հակառակորդների կողմից, կարող է լինել ցանկացած երրորդ ուժի կողմից, որը այդ գործի մեջ իր շահագրգռվածությունը ունի, կարող է լինել ցանկացած խմբավորման կողմից: Այսինքն էստեղ պետք չէ դիտարկել, որ կոնկրետ անձից, կոնկրետ կողմից անվտանգության խնդիր է դրված»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG