ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են մոտ ապագայում այցելել տարածաշրջան: Այս մասին ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդները հայտնում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ իրենց առանձին և համատեղ հանդիպումների, ինչպես նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի, Սլովակիայի արտգործնախարարի ու ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների արդյունքներով չորեքշաբթի օրը Նյու Յորքում հրապարակած հայտարարությունում:
Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շոֆերը նշում են, որ «երկու նախարարներին տեղեկացրել են հունիսին Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո իրենց գործունեության, ներառյալ՝ հակամարտության մարդասիրական և անվտանգային չափումների առնչությամբ Փարիզում և Ժնևում վերջերս անցկացված խորհրդակցությունների վերաբերյալ»:
Միջնորդները, համաձայն հայտարարության, մատնանշել են «ամառային շրջանում բռնությունը նվազագույնի հասցնելու կողմերի ջանքերի, այդ թվում՝ ուղղակի հաղորդակցության օղակների օգտագործման դրական արդյունքները, և խորին ցավակցություն են արտահայտել մահվան վերջին դեպքի առնչությամբ»:
«Համանախագահները և նախարարները շարունակել են լարվածությունը նվազեցնելու և դեպի խաղաղություն տանող ու բանակցություններին նպաստող մթնոլորտը պահպանելու հավելյալ միջոցների քննարկումը», - ասված է փաստաթղթում:
Հիշեցնելով իրենց մարտի 9-ի հայտարարությունը՝ միջնորդները կողմերին հորդորել են նվազագույնի հասցնել բորբոքիչ կամ բանակցությունների ելքը կանխավճռող հռետորությունը:
Երկուշաբթի օրը Նյու Յորքում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ։ Այդ հանդիպմանը նախորդել են նախարարների առանձին հանդիպումները միջնորդների հետ:
Մնացականյան-Մամեդյարով բանակցությունների նախօրեին սրվել է իրավիճակը հակամարտության գոտում։ Հայկական կողմը հայտարարել է դիվերսիայի փորձ կասեցնելու մասին։ Ադրբեջանական կողմն ունի մեկ զոհ։