Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար

Սեդրակ Առուստամյան, արխիվ

Քննչական կոմիտեն հայտնում է, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում առերևույթ չարաշահումների դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարած Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել նաև Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու, այն է` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար:

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Առուստամյանին, հիշեցնենք, սեպտեմբերի 18-ին մեղադրանք էր առաջադրվել կեղծ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու և առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու համար:

«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում փոփոխվել և լրացվել են նաև Սուրեն Ավագյանին և Գուրգեն Սարգսյանին առաջադրված մեղադրանքները: Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել նաև 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, փոխանցում է Քննչական կոմիտեն:

«Սեդրակ Առուստամյանի, Սուրեն Ավագյանի և Գուրգեն Սարգսյանի մեղադրանքները փոփոխվել և լրացվել են, քանի որ քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ Սեդրակ Առուստամյանը, փաստացի ղեկավարելով «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը, միաժամանակ, 2016թ. հունիսի 10-ից օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով «Սթոնս» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր, ընկերության աշխատանքներն իր հետ համակարգող Սուրեն Ավագյանի և Գուրգեն Սարգսյանի հետ միասին, «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի «М1 Թալինից Գյումրի ճանապարհի վերակառուցում և բարելավում» ենթածրագրի շրջանակներում Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչների դրդմամբ, հանցավոր համաձայնություն է ձեռք բերել՝ «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղին առանց ծառայությունների մատուցման հարկային հաշիվներ դուրս գրելու միջոցով ընկերությունից ապօրինի ֆինանսական միջոցներ դուրս բերելու, դրանց հանցավոր ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով դրանք իրենց փոխկապակցված այլ ընկերությունների փոխանցելու և գումարները այլ ծախսերի պատրվակով կամ որպես շահաբաժնի անվան տակ կանխիկացնելու և օրինական շրջանառություն մտցնելու և այդ կերպ նաև «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելուն օժանդակելու վերաբերյալ», - մասնավորապես ասված է հաղորդագրությունում:

Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ Սեդրակ Առուստամյանի, Սուրեն Ավագյանի, Գուրգեն Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:

«Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ՝ Ծրագրի կատարման ընթացքում թույլ տրված չարաշահումների բոլոր հանգամանքները բացահայտելու, դրանց առնչություն ունեցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Այսօրվա դրությամբ քրեական գործով 15 անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ», - ասված է հաղորդագրությունում:

Մանրամասները տե՛ս այստեղ