Կիրակի օրը Բուրյաթիայի մայրաքաղաք Ուլան Ուդեում անցել է հանուն արդար ընտրությունների և ընդդեմ ոստիկանության անօրինական գործողությունների բողոքի բազմամարդ հանրահավաք:
Տարբեր աղբյուրների տվյալներով՝ հավաքին մասնակցել է 700-1000, կազմակերպիչների տվյալներով՝ 3 հազար 500 մարդ:
Հանրահավաքին ելույթ են ունեցել Բուրյաթիայի խորհրդարանի պատգամավոր Բայիր Ցրենովը, կոմունիստ սենատոր Վյաչեսլավ Մարխաևը, ինչպես նաև կոմկուսի այլ ներկայացուցիչներ:
Ռուսաստանում բողոքի ալիքի ֆոնին կոմկուսն ակտիվացել է:
Ուլան Ուդեում հավաքված մարդիկ դժգոհել են ընտրությունների արդյունքներից, որոնցում հաղթել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության ներկայացուցիչը:
Հավաքին փորձել է ելույթ ունենալ Բուրյաթիայի ղեկավար, «Եդինայա Ռոսիա»-ի ներկայացուցիչ Ալեքսեյ Ցիդենովը, ցուցարարները, սակայն, վանկարկել են «ամո՛թ» և պահանջել նրա պաշտոնանկությունը:
Հավաքի ժամանակ նաև մեծ էկրանին ցուցադրել են, թե ինչ խախտումներ են արձանագրվել սեպտեմբերի 8-ի ընտրություններին:
Ռուսաստանի այս տարածաշրջանի ղեկավարը ստիպված է եղել հեռանալ բեմից՝ հանրահավաքի մասնակիցները նրան պարզապես թույլ չեն տվել ելույթ ունենալ:
Սեպտեմբերի 9-12-ը Ուլան Ուդեում անցել էին բողոքի հավաքներ: Սեպտեմբերի 9-ին Ուլան Ուդեի բնակիչները հավաքվել էին նախ Յակուտիայից Մոսկվա քայլող շաման Ալեքսանդր Գաբիշևին աջակցելու համար, հետո նրանց էին միացել նաև արդար ընտրություններ պահանջող քաղաքացիները:
Շամանը, ով ոտքով անցել է Սիբիրի մի մասը, հայտարարում է, թե Մոսկվա է գալիս Վլադիմիր Պուտինին Կրեմլից վռնդելու համար: Նա հրաժարվում է ավտոմեքենայից և որևէ այլ փոխադրամիջոցից ու լավագույն դեպքում մայրաքաղաք կհասնի երկու տարուց: Այդուամենայնիվ, շամանն արդեն ունի բազմաթիվ աջակիցներ, և նրան արդեն նաև այլ մարդիկ են միացել:
Ուլան Ուդեում բողոքի ակցիաների մասնակիցները պահանջում են վերանայել ընտրությունների արդյունքները: Ակցիաներին ակտիվորեն մասնակցում են կոմունիստները, ովքեր դժգոհում են ընտրությունների արդյունքներից և արդար չեն համարում իրենց թեկնածուի՝ սենատոր Վյաչեսլավ Մարխաևի պարտությունը:
Ի դեպ, Մարխաևը Մոսկվայում ցույցերի ժամանակ դժգոհում էր ոստիկանության չափազանց կոշտ գործողություններից:
Սեպտեմբերի 12-ին Ռոսգվարդիան բիրտ ուժ էր կիրառել և ցրել Ուլան Ուդեի կենտրոնում հավաքված մարդկանց, սակայն նրանք նորից են հավաքվել երեկ և պահանջում են տեղական իշխանությունների պաշտոնանկությունն ու նոր ընտրություններ:
Հիշեցնենք՝ հուլիս-օգոստոս ամիսներին բողոքի բազմամարդ ակցիաներ անցկացվել էին նաև Ռուսաստանի մայրաքաղաքում: