«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը այսօր Երևանի տարբեր անկյուններից կազմակերպել էր քայլերթ դեպի Ազատության հրապարակ։ Երթի պահանջը մեկն էր՝ Ամուլսարի հանքը չի շահագործվելու։
Ջերմուկից ավոտերթով մասնակիցները ևս միացան Երևանում անցկացվող երթին։ Քաղաքացիները մինչև սեպտեմբերի 20-ը կսպասեն կառավարության հայտարարությանը։
Ամուլսարի հանք տանող ճանապարհը արդեն մեկուկես տարի փակած երիտասարդներից Շիրակ Բունիաթյանը «Ազատության» հետ զրույցում ասաց. «Ամուլսարի հարցը միտում չունի ընդդեմ ՀՀ կառավարության, այստեղ կա հայրենիքի խնդիր։ Այսօր լուրջ խնդիր ունենք մենք. առողջարանային քաղաքում առանց ռիսկերը հաշվի առնելու՝ մարդիկ պատրաստվում էին նախկին իշխանությունների թույլտվությամբ բացել հանք, որի ճակատագիրը խիստ կասկածելի է։ Ճանապարհները փակ են լինելու այնքան ժամանակ, մինչև կառավարության կողմից չլինի այնպիսի որոշում, որը կբավարարի ժողովրդին։ Մենք ուզում ենք հավատալ, որ կառավարությունը խելամիտ ժամկետներում հարցին լուծում կտա, քանի որ մենք գտնում ենք, որ Ամուլսարի հարցը դեռ մեկուկես տարի առաջ ժողովուրդը լուծել է դա, կառավարությունը պետք է լեգիտիմացնի դա»։
«Կարծում եմ, որ բանը չի հասնի դրան, որ դուրս գանք խաղաղ ակցիաների։ Ես ինքս աջակցում եմ նոր կառավարությանը, բայց այստեղ դրված է մեր հայրենիքի, մեր տան, մեր ծննդավայրի խնդիրը։ Եթե մինչև ամսի 20-ը չի լինի որևէ լուծում, որը որ կհանդարտեցնի ժողովրդին և տուն կգնան, որովհետև շուրջ տարիուկես մենք դրսում ենք, մենք ստիպված կլինենք խաղաղ ակցիաների միջոցով ստիպել մեր իշխանություններին, որ իրենք անեն կոնկրետ քայլեր, որպեսզի հարցը վերջնական լուծում ստանա։ Ամուլսարը սար է մնալու, մենք մեր կյանքի գնով թույլ չենք տալու, որ էնտեղ հանք շահագործվի», - ասաց Բունիաթյանը։
Հայաստանի վարչապետը բոլոր շահագրգիռ կողմերին, միջազգային փորձագետներին լսելուց և կողմերի հետ մի քանի քննարկում անցկացնելու հետո հայտարարեց, որ Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմնավորում չկա և իշխանությունը չի պատրաստվում որևէ ապօրինի քայլ կատարել Ամուլսարի հարցում։ Բրիտանաամերիկյան ընկերությունն էլ իր հերթին խոստանում է՝ ոսկու հանքը շահագործելիս կիրառելու է նորագույն տեխնոլոգիաներ, ինչի շնորհիվ շրջակա համայնքները բացասական հետևանքներ չեն կրի, ջուրը և հողը չեն աղտոտվի, առողջարանային Ջերմուկի վրա փոշի չի տարածվի։
Ավելին՝ վարչապետը շեշտել էր նաև, որ բնապահպաններից բացի մտահոգություններ ունի նաև տնտեսական հանրությունը, և եթե կառավարությունը այս հարցի վերաբերյալ օրենքով չառաջնորդվի, դա կարող է վատ հետևանքներ ունենալ տնտեսության վրա։
«Լիդիան»-ը արդեն իսկ 350 միլիոն դոլարի ներդրում է արել, պատրաստվում է ևս 130 միլիոնի ներդրում անել։ Էկոնոմիկայի նախարարության հաշվարկներով՝ հանքի շահագործումը դրական կազդի ՀՆԱ-ի աճի վրա՝ մոտ 1-1,5 տոկոսի չափով, ընկերությունը նաև կընդգրկվի 1000 խոշոր հարկատուների ցանկում տարեկան վճարելով մոտ 50 միլիոն դոլարի հարկ։
Վարչապետը նաև խնդրել է բացել հանք տանող ճանապարհները, որոնք փակ են արդեն մեկ տարուց ավելի՝ վստահեցնելով, որ եթե ճանապարհ փակելու լեգիտիմ կարիք առաջանա կառավարությունը իր լծակներով, օրենքով իրեն վերապահված լիազորություններով կփակի այդ ճանապարհը։
Եթե Ջերմուկում մարդիկ հիմնականում դեմ են հանքի շահագործմանը, ինչպես պարզ դարձավ վարչապետի անցած ամիս Ջերմուկ կատարած այցից, ապա հանքի ազդակիր երկու համայնքներում՝ Գորայքում և Սարավանում՝ հակառակը կողմ են, որ հանքը շահագործվի։ Գյուղացիներն ասում են, որ աշխատատեղերի լուրջ խնդիր ունեն և երիտասարդները ստիպված լքում են գյուղերը։
Բնակիչներից մեկն ասել էր, որ «Լիդիան Արմենիա»-ի ֆինանսական միջոցներով իրենք սովորել են, մասնագիտություն են ստացել, բայց այսօր չեն կարողանում աշխատել, որովհետև հանքը փակ է: Գյուղացիներն ասում էին, որ չեն վախենում բնապահպանական խնդիրներից, որովհետև կարծում են, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը հոգատար վերաբերմունք է ցուցաբերում բնակիչների և բնության հանդեպ: