Բուզանդի փողոցի՝ հանրային շահ ճանաչված հատվածն իրացնելիս առերևույթ կոռուպցիոն չարաշահումների դեպքով քրգործ է հարուցվել

ՀՀ գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ

Կառուցապատում իրականացնելու նպատակով Երևանի Բուզանդի փողոցի՝ հանրային շահ ճանաչված հատվածն իրացնելու գործընթացում առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, այսօր հաղորդում է Հայաստանի գլխավոր դատախազությունը:

Դատախազության կողմից լրատվամիջոցների մշտադիտարկման արդյունքում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու և դրա հիման վրա հետագա ընթացքը լուծելու հանձնարարությամբ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (ԿՀԴՊ) գլխավոր վարչություն է ուղարկվել հուլիսի 26-ին www.mamul.am կայքում հրապարակված «Իմ քայլի» պատգամավորը ՄԻԵԴ-ի վճռի հետքերով դիմել է ոստիկանություն» վերտառությամբ հոդվածը: Հրապարակման մեջ, հղում կատարելով 2012 թվականին www.hetq.am կայքում հրապարակված «Ամերիկահայ Պավել Անդերսոնը ասում է, որ կաշառել է քաղաքապետարանի ու դատարանների ներկայացուցիչներին» վերտառությամբ հոդվածին և Յուրի Վարդանյանին 1,6 մլն եվրո գումար փոխհատուցելու մասին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) 2019-ի հուլիսի 25-ի որոշմանը, պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը միջնորդել է իրավապահ մարմիններին հոդվածն ընդունել որպես հրապարակային հաղորդում ենթադրյալ հանցագործության մասին:

Ստուգողական գործողությունների արդյունքում ձեռք բերված տվյալների հիման վրա նախապատրաստվել են նյութեր, համաձայն որոնց՝ հիշատակված հրապարակմանը կցված հարցազրույցի տեսաձայնագրությունում Անդերսոնը հայտնել է, թե Երևանի Բուզանդի փողոցին հարող հատվածում կառուցապատում իրականացնելու իրավունքը Հայաստանի կառավարության կողմից տրված է եղել իր կողմից հիմնադրված «Վիզկոն» ՍՊ ընկերությանը, որը ձեռնամուխ է եղել գերակա հանրային շահ ճանաչված՝ Բուզանդի 13-21 հասցեների բնակիչներին վտարելու գործընթացին: «Ըստ հրապարակման՝ կառուցապատման իրավունքը ձեռք բերելու համար Պ. Անդերսոնն անձամբ և իր գործընկերոջ միջոցով Երևանի քաղաքապետարանի նախկին աշխատակազմի պաշտոնատար անձանց տվել է 550.000 ԱՄՆ դոլար և 200.000 ԱՄՆ դոլար կաշառք, իսկ բնակիչների վտարման դատական գործերով տարբեր ատյանների դատավորներին տվել է 300-5.000 ԱՄՆ դոլարի չափով կաշառք: Պ. Անդերսոնը հայտնել է նաև, որ ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարի ցուցումով 100.000 ԱՄՆ դոլար գումար է վճարել «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ին՝ ՀՀ վճռաբեկ դատարանում՝ Բուզանդի փ. 13 հասցեի նկատմամբ Յուրի Վարդանյանին սեփականության իրավունքից զրկելու և հանրային գերակա շահ ճանաչելու վերաբերյալ վճիռ կայացնելու համար», - հաղորդում է Գլխավոր դատախազությունը՝ շարունակելով․ - «Նյութերի նախապատրաստման ընթացքում համապատասխան փաստաթղթեր են պահանջվել և ստացվել ՀՀ դատական դեպարտամենտից և «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ից: Պարզվել է, որ Պ. Անդերսոնի անունից 01.08.2006թ. նշված հիմնադրամի հաշվեհամարին իսկապես մուտքագրվել է 100.000 ԱՄՆ դոլար գումար»:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են հանցագործությունների հատկանիշներ՝ ծանր հետևանքներ առաջացնելով զուգորդված պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառքներ պահանջելու և ստանալու, ինչպես նաև պաշտոնատար անձանց առանձնապես խոշոր չափերի կաշառքներ տալու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ 1-ին վարչությունում Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն: