Մատչելիության հղումներ

Եվրադատարանը պարտավորեցրել է Հայաստանին 1,6 միլիոն եվրո վճարել քաղաքացի Յուրի Վարդանյանին


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանին պարտավորեցրել է 1 միլիոն 600 հազար եվրո վճարել 83-ամյա Հայաստանի քաղաքացի Յուրի Վարդանյանին։ Այս գումարն ավելին է, քան 2007-2018թթ․ Հայաստանի դեմ կայացված բոլոր վճիռներով սահմանված փոխհատուցումների հանրագումարը:

Բուզանդի 13 հասցեի նախկին բնակչի տունն ու հողատարածքը գերակա շահ էին ճանաչվել: Պետությունը Վարդանյաններին շուկայականից մի քանի անգամ ցածր արժեքով փոխհատուցում էր տրամադրել տան համար, իսկ հողատարածքի համար փոխհատուցում չէր տրվել՝ պատճառաբանությամբ, թե դա Վարդանյանների սեփականությունը չէ։

Երևանաբնակ Վարդանյանի իրավունքների խախտումը ստրասբուրգյան դատարանը ճանաչել էր դեռ 2016-ին: Եվրադատարանի այսօրվա որոշումը վերաբերում է միայն գումարի չափին:

2016-ի վճռում ՄԻԵԴ-ը ընդգծել էր՝ Հայաստանի վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն օբյեկտիվ դիրքորոշում չի ցուցաբերել՝ խախտելով մարդու արդար դատաքննության իրավունքը։ Այդ որոշումը մասնագիտական հանրույթը դեռ այն ժամանակ աննախադեպ էր որակել։ Իրավաբանները կարծիք էին հայտնել, որ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը պետք է հեռանա զբաղեցրած պաշտոնից, սակայն Մկրտումյանը պաշտոնից հեռացավ միայն Թավշյա հեղափոխությունից հետո։

«Վճիռը գնահատում եմ արդարացի, որովհետև վերջապես հաղթանակել ենք՝ բարոյապես: Մնացածը երկրորդական մասն է։ Բարոյապես հաղթանակել ենք, բայց եթե գումարի մասին է խոսքը՝ դա 1/100-րդ մասն է իրական արժեքի էնտեղի կառույցների և մնացած ամեն ինչի հետ համեմատած», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց Յուրի Վարդանյանի կինը՝ Շուշանիկ Նանուշյանը:

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիներին Երևանի փոքր կենտրոնում քաղաքացիների սեփականության օտարման պատճառով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ընդդեմ Հայաստանի 9 վճիռ է կայացրել։ ՄԻԵԴ-ում ՀՀ լիազոր ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին ավելի վաղ «Ազատությանը» տեղեկացրել էր՝ այդ վճիռների հետևանքով կառավարությունը Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչներին պետական բյուջեից արդեն 324 հազար 581 եվրո է փոխհատուցել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG