ՌԴ դեսպան․ Հարկավոր է սպասել, որ հոկտեմբերին Պուտինը կայցելի Երևան

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ասուլիսի ժամանակ, արխիվ

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր, ըստ էության, հաստատեց, որ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցելու է Երևանում հոկտեմբերի 1-ին կայանալիք Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ, ԵՏՄ) գագաթնաժողովին՝ մանրամասնելով, որ երևանյան միջոցառմանը ԵՏՄ անդամ-պետությունների ղեկավարների մասնակցության մասին որոշում կա:

«Հարկավոր է սպասել, որ հոկտեմբերին Վլադիմիր Պուտինը կայցելի Երևան: Ես այլ տեղեկություն չունեմ: Մենք հիմք ենք ընդունում այն, որ այստեղ՝ Երևանում կայանալու է Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը, և ինչպես երեկ խորհրդարանում ասաց Հայաստանի արտգործնախարարի տեղակալը, դա ԵՏՄ անդամ-երկրների ղեկավարների ընդհանուր որոշումն է, և ի՞նչ հարցեր կարող են այստեղ առաջանալ: Կա Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի որոշումը՝ այս տարվա հոկտեմբերի 1-ին Երևանում անցկացնել խորհրդի նիստ: Այլ որոշումներ չեն եղել», - ասաց Ռուսաստանի դեսպանը:

«Ազատության» հստակեցնող հարցին՝ հետևաբար նախագահ Պուտինը ներկա՞ է լինելու երևանյան նիստին, Կոպիրկինն արձագանքեց․ «Կրկնեմ, այլ որոշումներ չեն ընդունվել: Նախագահ Պուտինի այցը կասկածի տակ դնող ողջ տեղեկատվությունը ստանում եմ լրատվամիջոցներից, ուստի չեմ կարող մեկնաբանել նման հաղորդագրությունները, որովհետև այլ տեղեկություն չունեմ: Հոկտեմբերի 1-ին այստեղ՝ Երևանում կկայանա Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը: Այն առաջնորդների՝ նախագահների, Հայաստանի դեպքում՝ վարչապետի, մակարդակի համար նախատեսված մարմին է: Ահա և վերջ, այլ բան չեմ կարող ասել»:

ԵՏՄ երևանյան գագաթնաժողովին Պուտինի մասնակցության հարցը ծագեց, երբ հայաստանյան լրատվամիջոցներում տեղ գտան հրապարակումներ, թե Ռուսաստանի նախագահը կարող է չեղարկել իր այցը Հայաստան:

Այսօր Սերգեյ Կոպիրկինին նաև հարցրեցինք՝ այն, որ Հայաստանում ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող նախկին իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները՝ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը, ԴԱՀԿ նախկին պետ և բանանային օլիգարխի համբավ ունեցող Միհրան Պողոսյանը փաստացի ապաստան են ստանում Ռուսաստանում, արդյո՞ք յուրատեսակ մի ուղերձ է Հայաստանին, Հայաստանի իշխանություններին:

«Ասացեք խնդրեմ՝ Դուք ինչ-որ միտու՞մ եք նկատում, ես որևէ միտում չեմ տեսնում: Իսկ ի՞նչ է՝ Պողոսյանը քաղաքական ապաստա՞ն է ստացել, ես նման տեղեկություն չունեմ: Եթե մարդը Ռուսաստանում է, դեռ չի նշանակում, որ նա քաղաքական ապաստան է ստացել: Ինչ վերաբերում է Պողոսյանին, ապա, իմ տեղեկությունների համաձայն, խոսքը գնում է իրավական ընթացակարգի, անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրման մասին: Վահագն Հարությունյանի մասով թերևս պատկան մարմիններին պետք է դիմել: Կարող է քաղաքացիության գործոնը դեր ունենալ: Ես չգիտեմ՝ արդյո՞ք Վահագն Հարությունյանը Ռուսաստանի քաղաքացի է», - պատասխանեց Կոպիրկինը:

«Կրկնեմ՝ որևէ միտում չկա, որևէ ուղերձ չեմ տեսնում: Հայաստանի նոր իշխանություններին Ռուսաստանի ուղերձը շատ հստակ է, որ մենք ռազմավարական գործընկերներ, դաշնակիցներ ու եղբայրական երկրներ, ժողովուրդներ ենք: Այս հարցում Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվել: Որքան տեղյակ եմ, սա համապատասխանում է Հայաստանի ղեկավարության մոտեցմանը», - հայտարարեց Ռուսաստանի դեսպանը:

Օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանի միգրացիոն ծառայությունը ռուս ընդդիմադիր, հասարակական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինին ճանաչել է փախստական ու ապաստան տրամադրել:

Կոպիրկինն այսօր ասաց, որ Շիշկինի դեպքի առնչությամբ Մոսկվան որևէ պաշտոնական արձագանք չի ներկայացրել:

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջում օգոստոսի 30-ին լուսանկարներ էին հրապարակվել, թե դեսպան Սերգեյ Կոպիրկինը ընտանիքի հետ ինչպես է հանգստանում Ջերմուկում: Հաշվի առնելով Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը, ի՞նչ էին նշանակում այդ լուսանկարները՝ դիմեցին դեսպանին:

«Լուսանկարների հրապարակումը ուղերձ չէր: Ուղղակի, մենք շատ հավանեցիքն Ջերմուկը: Ինչ վերաբերում է Ամուլսարին, ապա այն, իհարկե, հայկական պետության, հայ ժողովրդի ներքին գործն է: Ամուլսարը հարստություն է, և որքան հասկանում եմ՝ ոչ ոք չի կասկածում, որ հարցը պետք է լուծվի՝ հաշվի առնելով բոլոր գործոնները, որպեսզի վնաս չհասցվի ոչ մի բանի՝ ո՛չ Հայաստանի գործարար հեղինակությանը, ո՛չ բնությանը: Սա Հայաստանի ներքին հարցն է: Կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունը՝ ժողովրդի հետ միասին, բավականաչափ իմաստուն են, որպեսզի ճիշտ որոշում կայացնեն՝ հաշվի առնելով բոլոր գործոնները», - ասաց Ռուսաստանի դեսպանը։