Մատչելիության հղումներ

Հայաստանը ապաստան ու փախստականի կարգավիճակ է տրամադրել ռուս ընդդիմադիր գործչին


Վիտալի Շիշկին
Վիտալի Շիշկին

Հայաստանի միգրացիոն ծառայությունը ռուս ընդդիմադիր, հասարական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինին ճանաչել է փախստական ու ապաստան տրամադրել:

Փաստաթղթում կարդում ենք, որ «առկա է իրական ու հիմնավոր վտանգ, որ նա Ռուսաստանի Դաշնություն վերադառնալու դեպքում իր քաղաքական հայացքների պատճառով կենթարկվի այնպիսի վերաբերմունքի, որը կհակասի «Փախստականների և ապաստանի մասին» օրենքի 9-րդ հոդվածի առաջին մասով սահմանված պահանջին, այն է՝ չվերադարձելիության սկզբունքը այն տարածքների սահմանները, որտեղ նրա կյանքին կամ ազատությանը կարող է վտանգ սպառնալ ռասայական, կրոնական, քաղաքական հայացքների կամ մի շարք այլ հիմքերով:

«Հայաստանում ես ստացել եմ փախստականի կարգավիճակ՝ այն հիմնավորմամբ, որ Ռուսաստանում հետապնդվում եմ քաղաքական հայացքների համար: Փախստականների տարբեր տեսակներ կան՝ կրոնական, զինվորական, և ես ի սկզբանե ցանկանում էի փաստաթուղթ ստանալ քաղաքական հիմքով, որովհետև ես նախկին քաղբանտարկյալ եմ», - ասում է Շիշկինը:

Նա ավելի քան վեց ամիս է, ինչ Հայաստանում է․ եկել է 2019 թվականի փետրվարին: Ասում է, որ վերջին անգամ Հայաստանում եղել է 2011-ին, նկատում է, որ Հայաստանը շատ է փոխվել: 2019 թվականի հունվարին բանտից դուրս գալուց հետո Հայաստանն առաջին երկիրն է, որտեղ եղել է: Շիշկինը անազատության մեջ է եղել մոտ 4 տարի, իր պնդմամբ՝ քաղաքական հայացքների պատճառով:

«Իմ ճամփորդական անձնագրի ժամկետները լրացել էին, և երբ ես գնացի անձնագրային բաժին, ինձ ծանոթ աշխատակիցներն ասացին, որ իմ անվան դիմաց կա նշում, որ անձնագիր տրամադրեն բացառապես ԱԱԾ աշխատակիցների հետ միասին: Հետևաբար ես ուրիշ ոչ մի տեղ չէի կարող գնալ, բացի Հայաստանից, որտեղ մեկ տարի առաջ հրաշալի իրադարձություններ էին տեղի ունեցել», - ասաց նա:

Շիշկինի տեղեկություններով, ինքը հիմա Ռուսաստանում հետախուզման մեջ է: Մինչդեռ ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը «Ազատությանը» փոխանցեց, որ քանի որ Շիշկինը որևէ պետության կողմից հետախուզման հիման վրա չի հայտնաբերվել կամ ձերբակալվել, հետևաբար հանձնման վերաբերյալ միջնորդություն ևս չի ստացվել:

Շիշկինը պնդում է, թե Հայաստան գալու հաջորդ օրն իսկ իրեն Ռուսաստանում վերագրել են մի քանի հոդվածների խախտում․ - «Սա անհասկանալի ինֆորմացիա է: Նրանք իմ նկատմաամբ հետախուզում են հայտարարել, ասում են, որ ես Ռուսաստանից անօրինական եմ հեռացել: Բայց անօրինական ոչ մի փաստաթուղթ չի եղել»:

Հայաստանի միգրացիոն ծառայության լրատվության բաժնից Նելլի Դավթյանը «Ազատությանը» փոխանցեց, որ Շիշկինին տրամադրված փաստաթղթի վերաբերյալ մարնամասներ չեն կարող հաղորդել, քանի որ դա անձնական տվյալների գաղտնիք է, բայց պնդեց, որ «Քաղաքական ապաստանի մասին» ՀՀ օրենքը երբևէ չի կիրառվել:

Ինչ վերաբերում է «Փախստականների և ապաստանի մասին» օրենքի համաձայն ապաստանի շնորհմանը, Դավթյանը նշեց, որ դա Հայաստանի միջազգային պարտավորությունների շրջանակում է:

Շիշկինն ասում է, որ հայաստանյան օրենսդրությունը և հեղափոխությունից հետո Հայաստանում եղած իրավիճակը հաշվի առնելով է որոշել հենց Հայաստան գալ․ - «Ես գիտեմ, որ Հայաստանի համար Ռուսաստանի հարցը շատ ցավոտ է: Հարաբերությունների հետ կապված պետք է ինչ֊որ բան անել, շատ բաներ պետք է փոխել, քանի որ Ռուսաստանը դիկտատորական երկիր է, իսկ Հայաստանը արդեն մեկ տարի է ժողովրդավարական հասարակություն է կառուցում»:

ԻՆչ վերաբերում է ռուսաստանյան մամուլում իր մասին շրջանառվող լուրերին, Շիշկինը դրանք անվանում է քարոզչություն:

Նշենք, որ ֆաշիստական հայացքներ ունենալուց բացի, նրան վերագրվում է նաև հակահայկական տրամադրություններ տարածելու մեղադրանք․ - «Եթե տեսնեք, թե իմ մասին ինչ են գրում Էֆ-Էս-Բե-ի աշխատակիցները, դուք կարող եք անգամ ենթադրել, որ ես բացառապես հայ մանուկներով եմ սնվում: Պարզապես երբ դու Ռուսաստանում կոռուպցիայի դեմ ես պայքարում, քո դեմ բազմաթիվ կոմպրոմատներ են սկսում օգտագործել»:

Մի քանի օրից Շիշկինը Հայաստանում կստանա փախստականի անձնագիր, որի միջոցով կկարողանա մեկնել ցանկացած երկիր: Մինչ այդ նա հույս ունի այստեղ կազմակերպել Գարեգին Նժդեհին նվիրված իր գրքի շնորհանդեսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG