ՀԿ-ի համանախագահը ողջունում է երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրումը

«Վարորդի ընկեր» ՀԿ-ի համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյան

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրինագիծը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը մշակել է կառավարությունը: Սրանով նախատեսվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով տրամադրել 9 միավոր:

Խախտում ամրագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվում են օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները: Երթևեկության ոլորտի 100 զանցակազմերից այս պահին տուգանային միավորներ նախատեսված են շուրջ 20-ի համար։

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը նկատում է, որ վերջին տասնամյակում սա երթևեկության կանոնների մեջ նկատելի բարեփոխում է․ - «Տուգանելու մեխանիզմից անցում է կատարվում դեպի հնարավորինս կանխարգելիչ [մեխանիզմի], ինչպես նաև [ձևավորվում է] վերահսկելի երթևեկության մթնոլորտ: Որովհետև ներկայումս կան խախտողներ, որոնք ամեն օր կարող են արագաչափերի տակ բարձր արագությամբ անցնել, ամեն օր կարող են ալկոհոլ օգտագործած վարել և, գումարը վճարելով, կարող են շարունակել: Այս համակարգի ամբողջ էությունը կայանում է նրանում, որ այլևս ուղղակի գումար տալով չես կարող խուսափել պատժից: Այն խախտումներն են բալավորվել, որոնք առավել վտանգավոր են, որոնց հետևանքով վթարներ են տեղի ունենում, զոհերով և վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահարներ: Դրանք են՝ խմածությունը, բարձր արագությունը, այնուհետև, ըստ դրա, քիչ-քիչ իջնում են»:

Դա, նրա խոսքով, վարորդներին ավելի զգոն կդարձնի․ - «Այս ամենի իմաստը ոչ թե վարորդին տուգանելն է, այլ կյանքին վտանգ սպառնացող երևույթները կանխելը»:

Ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը երեկ Ազգային ժողովում օրինագծի քննարկման ընթացքում ասաց, որ 2012-ից սկսած ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով գրանցված զոհերի և վիրավորների թիվն աճի կայուն միտումներ ունի։ 2018-ի վեց ամսվա տվյալներով, ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը 1711 է, մահերին՝ 138, վիրավորներինը՝ 2517։ 2019-ի նույն ժամանակահատվածում՝ պատահարների թիվը հասել է 2088-ի, մահերինը՝ 150-ի, վիրավորներինը՝ 3018։

Քոչարյանի կարծիքով, ակնհայտ է, որ տուգանքների չափերի բարձրացումը ի զորու չէ նվազեցնել պատահարների թիվը։

Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանը երեկ հարցրեց, թե բալային համակարգը մշակելիս արդյոք հաշվի է առնվել ճանապարհների վիճակը:

Քոչարյանն արձագանքեց․ - «Ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցը վարելը ճանապարհի հետ կապ ունի՞: Չունի՛: Կարմիր լույսի տակով անցնելը ճանապարհի հետ կապ ունի՞: Չունի՛: Արագության գերազանցումը ճանապարհի հետ կապ ունի՞: Չունի՛: Կանգառ-կայանման խախտումները ճանապարհի վիճակի հետ ևս ուղղակի կապ չունեն»:

«Բարգավաճ Հայաստան»-ից Միքայել Մելքումյանի հարցին, թե արդյոք համոզված են, որ առաջիկա տարիներին օրենքը մի քանի անգամ չի փոփոխվի, փոխոստիկանապետը պատասխանել էր․ - «Եթե իրավական կարգավորման այս մեխանիզմը, որ այսօր ներդրվում է այս համակարգի մեջ, մենք կարողանանք հասցնել իր տրամաբանական ավարտին, այս նախագիծը չի կարող արդյունք չտալ: Իմ համոզմունքը գալիս է ոչ թե լավատեսությունից, այլ փորձի վերլուծությունից: Այդ փորձը ինտերնետով չենք վերլուծել: Մենք կոնկրետ շփումներ ենք ունեցել տարբեր երկրների ոստիկանության պաշտոնյաներին հետ՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, կենդանի շփման մասին է խոսքը: Խոսել ենք ռիսկերից: Հիմա, ենթադրենք, այս համակարգը չենք ուզում իրականություն դառնա ինչ-ինչ պատճառներով: Իսկ ի՞նչ անենք, ուրիշ ի՞նչ գործիք է մնացել ճանապարհային ոստիկանությանը, որպեսզի այդ կարևոր խնդիրը լուծի: Բացի այդ, հասարակությունը պահանջը մեր առջև դնում է: Չկա՛ այլընտրանք սրան»: