Մատչելիության հղումներ

Փաշինյան․ Չարամիտ խախտումներ անող վարորդները պետք է հեռացվեն երթևեկությունից


Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ճանապարհատրանսպորտային պատահարների ու դրանց զոհերի թվի սպառնալի աճին:

Վարչապետը հայտարարեց, որ պարբերաբար և չարամիտ խախտումներ անող վարորդները պետք է հեռացվեն երթևեկությունից։

Վարչապետը գործադիրի անդամներին տեղեկացրեց, որ ոստիկանությունը նոր նախագիծ է մշակել, որն արդեն Ազգային ժողովում է։

Փաշինյանն ընդգծեց, որ պետք է Ազգային ժողովի հետ քննարկել՝ հնարավորինս շուտ օրենքն ընդունելու համար․ - «Պարոն Օսիպյան, մենք էս թեմաներով մի քանի անգամ խոսել ենք: Կարծում ենք, որ մենք պետք է արձանագրենք, որ հիմա հատկապես պետք է ճանապարհային երթևեկության նկատմամբ լինի կրկնակի և եռակի ավելի վերահսկողություն: Իհարկե հասկանալի է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում և հատկապես 2018-19 թվականներին ավտոմեքենաների քանակի աննախադեպ աճ է արձանագրվել: Էսօր աներևակայելի թիվ ավտոմեքենա կա Հայաստանի Հանրապետությունում, և մեծ ծավալով ներկրումները շարունակվում են, և դա իր հերթին բերում է մարտահրավերներ»:

Վարչապետը համոզված է, որ բալային համակարգի ներդրմամբ ճանապարհային երթևեկության ոլորտում էականորեն կփոխվի իրավիճակը։

Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն էլ է համաձայն, որ այս իրավիճակում անհրաժեշտություն է այդ համակարգը․ - «2017 թվականին 2 միլիոն ավելի խախտում է արձանագրվել, 2018 թվականին՝ 1 միլիոն 600 հազար և տուգանվել են, սակայն դա չի բերում որևէ դրական արդյունքի: Եվ միայն ու միայն բալային համակարգի մեկնարկը կմեկուսացնի պարբերաբար վտանգավոր խախտում կատարող վարորդներին»:

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Տիգրան Քեհյանն այս առնչությամբ «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Ոչ թե տուգանքների միջոցով են ծանրաբեռնելու վարորդներին, այլ բալերի միջոցով: Փորձելու են ավելի շատ բալեր հավաքած, այսինքն 9 միավորը նախատեսված, վարորդներին վարորդական իրավունքից զրկել կամ կասեցնել»:

Քեհյանը կարծում է, որ բալային համակարգի ներդրումը կմեղմի ճանապարհային երթևեկության իրավիճակը, սակայն առկա խնդիրը չի լուծի։ Նրա կարծիքով, ոստիկանությունը պետք է բարդացնի վարորդական իրավունքի ստացման գործընթացը․ - «Մենք ունենք շատ հին շաբլոններ, որոնք հանձնում են վարորդները, որոնք շատ վարորդներ կարող են մեկ, երկու, երեք օրում անգիր սովորել, շատ հեշտ հանձնել տեսական քննությունը: Իսկ գործնական քննությունը իրականացվում է փակ տարածքներում, որտեղ, ըստ էության, վարորդը երթևեկության մեջ չգտնվելով՝ այն իրավիճակներում չի հայտնվում, ինչը որ կհայտնվեր երթևեկության մեջ գործնական քննություն հանձնելիս»:

Ոստիկանաետ Վալերի Օսիպյանը նիստին նաև վիճակագրություն ներակայացրեց. վերջին տարիներին ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն աճում է, դրան զուգահեռ էլ աճում է զոհերի թիվը: Եթե 2018 թվականին ապրիլի 10-ի դրությամբ 1861 ճանապարհատրանսպորտային պատահարներից 150 մարդ է մահացել ապա, այս տարվա նույն ժամանակահատվածում 169 զոհ՝ 2203 ճանապարհատրանսպորտային պատահարից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG