Սոցիալական ցանցերում միլիոնավոր հետևորդներ ունեցող, աշխարհահռչակ ամերիկահայ հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյան-Վեսթը հոկտեմբերին կրկին կայցելի Հայաստան՝ մասնակցելու WCIT 2019 Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովին որպես հատուկ հիմնական զեկուցող և պանելիստ։
Քիմ Քարդաշյան-Վեսթը հանդես կգա «Գաղափարների շուկա» լիագումար նիստում, որտեղ կքննարկվի, թե ապակենտրոնացված տեխնոլոգիաները որքանով են նպաստել ժամանցի, մեդիայի և լրագրության աշխարհների ժողովրդայնացմանը և թե որքանով են հեղափոխել արվեստի, տեղեկատվության տարածման մեր մեթոդները՝ նոր աստղեր պատրաստելու ճանապարհին:
Համաժողովի հանրային կապերի պատասխանատու Արմինե Ուդումյանը նշում է. - «Նա ամենաազդեցիկ կերպարներից մեկն է: Նա իր 240 միլիոն սոցիալական մեդիայի հետևորդներով լսելի է ամբողջ աշխարհին՝ առանց աշխարհագրական սահմանափակումների, առանց տարիքային կամ մասնագիտական սահմանափակումների: Եվ նա նաև շատ հետաքրքիր ձևով օգտագործում է իր սոցիալական պլատֆորմները և՛ իր բիզնեսի զարգացման համար, և՛ ընդհանրապես բարեփոխումների համար: Որոշեցինք, որ նա, որպես հաջողակ գործարար, որպես կին, մայր, որպես ազդեցիկ, լսելի ձայն, շատ հետաքրքիր ասելիք կունենա ամբողջ աշխարհին «Գաղափարների շուկա» պանելային քննարկման ընթացքում»:
Հոկտեմբերի 6-9 անցկացվող IT աշխարհի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկը կհյուրընկալվի Հայաստանում՝ կառավարության աջակցությամբ։ Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից։ Այս տարի համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։
Համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մարդկանց կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։
Համաժողովն այս տարի տարբերվելու է նախորդ տարիներից հենց համարձակ մոտեցումներով, ինչը կազմակերպիչները խոստանում են՝ լինելու է հիշվող։ Բանախոսների շարքում աշխարհահռչակ անձինք են։ Կարծում են՝ այսպիսով Հայաստանը ՏՏ աշխարհի քարտեզի վրա արդեն իսկ դիրքավորված է.
«Ամբողջ աշխարհի ՏՏ մասնագետները, ստարտափների հեղինակները, ներդրողները, որոնք ՏՏ ոլորտով են հետաքրքրված արդեն իսկ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում հայկական պոտենցիալի նկատմամբ: Կարող ենք ասել՝ արդեն դա տեղի է ունեցել», - նշեց Ուդումյանը՝ շարունակելով․ - «Համաժողովի ընթացքում մենք շատ մեծ գործիչների ենք հյուընկալելու Հայաստանում: Նրանցից յուրաքանչյուրը որ միայն գար Հայաստան ֆորումին մասնակցելու համար, արդեն հայտնվում է այդ թեման ամբողջ աշխարհում որոշակի շրջանակի ուշադրության կենտրոնում, որոշակի ազդեցություն ձևավորող մարդկանց ուշադրության կենտրոնում»:
Չորս երեխաների մայր 38-ամյա Քիմ Քարդաշյանը, ով վերջերս Սպիտակ տանը ներկայացրել էր իր նոր նախաձեռնությունը՝ օգնել բանտարկությունից ազատված մարդկանց, մասնավորապես աշխատանքի տեղավորման հարցում, ընտանիքի հետ Հայաստան էր այցելել նաև 2015-ին՝ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին։ Նրա այցը լայնորեն լուսաբանվել էր ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային լրատվամիջոցներով։
Քարդաշյանը եկավ Հայաստան՝ փողոցներով քայլեց, շփվեց երկրպագուների հետ, սելֆինե արեց, սոցցանցերում իր սերը պատմական հայրենիքի նկատմամբ հայտնեց։
«Մինչև 2015 թվականը՝ Քիմ Քարդաշյանի այցը, Հայաստանը խնդիր ուներ միջազգային լրատվամիջոցներում հայտնվելու», - ասում է «Մեդիա» նախաձեռնությունների կենտրոնի Media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանը: - «Քիմ Քարդաշյանի այցը միանշանակ ինֆորմացիոն առիթ էր, որ աշխարհը խոսեր Հայաստանի մասին։ Եվ այդ լուսաբանումը միանշանակ դրական էր Հայաստանի համար, իմ կարծիքով, որովհետև Քիմ Քարդաշյանը ընդունում է իր հայ լինելը, իր պատմական հայրենիքում գործողություններ էր կատարել, և այդ այդ ամեն ինչը արվում էր Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված միջոցառումների շրջանակում»:
Իսկ այս տարի կարևոր է, ըստ Վարդանյանի, որ հենց IT միջոցառման է ներկա լինելու. - «Քիմ Քարդաշյանի կերպարը միանշանակ ասոցացվում է սոցիալական մեդիայի հետ: Ընդ որում, շատ էֆեկտիվ ու լավագույնս օգտագործում է ոչ միայն ավանդական մեդիան, իր հեռուստատեսային ռեալիթի շոուն, այլ այդ ամեն ինչը նաև շատ լավ ինտեգրում է սոցիալական մեդիայում: Կարծում եմ, նա սոցիալական մեդիան, սեփական կերպարը ստեղծելու, սեփական բրենդը առաջ տանելու տեսակետից ասելիք ունի: Փորձը կիսելու համար շատ լավ է, որ նա հենց Հայաստանն է ընտրել նման հավաքի մասնակցելու համար»:
Քիմ Քարդաշյանը ընտանիքի հետ Հայաստան էր այցելել նաև 2015-ին՝ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին։ Նրա այցը լայնորեն լուսաբանվել էր ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային լրատվամիջոցներով։