Երևանում հոկտեմբերի 6-9-ը անցկացվելիք WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովին մասնակցությունը հաստատել է 59 բանախոս և ամեն օր նրանց թիվը ավելանում է, այսօր համաժողովի կազմակերպչական աշխատանքներին նվիրված ասուլիսում տեղեկացրեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը։
Թվով 23֊րդ համաժողովի կազմակերպչական աշխատանքները ստանձնած ԱՏՁՄ֊ի նախագահը ներկայացրեց բանախոսներից 5֊ի անունները՝ նորարարական տեխնոլոգիական ծրագրային ապահովման ոլորտում գործող Infosys ընկերության հիմնադիր Նարայանա Մըրթի, համակարգչային գրաֆիկայի ոլորտում առաջատարներից NVIDIA ընկերության հիմնադիր Ջենսեն Հուանգ, Twitter, Tumblr, Venmo, Uber ընկերությունների ներդրողներից՝ ձեռնարկատեր Գերի Վայներչուկ, համակարգչային տեխնիկայի և էլեկտրոնիկայի արտադրող Acer ընկերության հիմնադիր Սթեն Շի և նավիգացիոն GPS համակարգերի առաջատար արտադրող Garmin կորպորացիայի համահիմնադիր և գործադիր նախագահ Մին Կաո։
Ավելի վաղ համաժողովի կազմակերպիչները հրապարակել էին բանախոսներից՝ Reddit֊ի և Initialized Capital֊ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի, Microsoft ընկերության կորպորատիվ փոխնախագահ Վահե Թորոսյանի, Siemens֊ի փոխնախագահ Ջենի Բոֆինգեր֊Շուսթերի, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քրիսիդեսի անունները։
Ալեքսանդր Եսայանը ընդգծեց, որ միջոցառման կազմակերպիչները փորձելու են առանցքային բանախոսների համար կազմել «անհատական օրակարգեր» և նրանց ցույց պոտենցիալ համագործակցության համար հետաքրքիր հայաստանյան ընկերություններ, թիմեր, նախագծեր՝ որպեսզի փորձեն Կոնգրեսի ավարտին գալ ինչ֊որ համագործակցության։ ֊ «Պարտադիր չէ դա լինի ներդրում, կարող է լինել համագործակցություն մեր IT ընկերությունների հետ, որը մեծ պոտենցիալ կարող է ունենալ», ֊ մանրամասնեց ԱՏՁՄ նախագահը։
Օբամայի գրասենյակի հետ բանակցություններ են տարվում
Արձագանքելով լրագրողներից մեկի հարցին՝ որքանով են հավաստի լուրերն այն մասին, որ համաժողովին մասնակցելու է նաև ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, Եսայանը նշեց. ֊ «Ես կհաստատեմ, որ Բարաք Օբամայի գրասենյակի հետ մենք արդեն չորս ամիս է՝ բանակցություններ ենք տանում։ Այս պահի դրությամբ, կասեմ, որ հայտարարելու ոչինչ չունենք»։
ԱՏՁՄ նախագահը, միևնույն ժամանակ, նշեց, որ առաջիկայում կհայտարարվեն նոր խոսնակների անունները և խոստացավ՝ «սյուրպրիզներ» են սպասվում, այդ թվում՝ այն մարդու անունը՝ «ով կանի Կոնգրեսի բացումը»։
WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Այն հյուրընկալվում է Հայաստանում՝ կառավարության աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Հայաստանում անցկացվող թվով 23-րդ համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)։
Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2500 մասնակից՝ 70 երկրից։