«WCIT 2019» կազմակերպիչները հրապարակել են ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի ամբողջական օրակարգը։ ՏՏ աշխարհի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկն այս տարի տեղի է ունենալու Հայաստանում՝ Երևանում։
Այն պարունակում է համաժողովի ձևաչափի, պլենար քննարկումների, միջոցառումների մանրամասն նկարագրությունը։
«Համաժողովի օրակարգն էապես ձևավորված է, այնուամենայնիվ, մենք լրացուցիչ հնարավորություններ ենք դիտարկում՝ այն հարստացնելու համապատասխան բովանդակությամբ։ Հետագա թարմացումներին տեղյակ լինելու համար անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ ստուգել նորությունների, բանախոսների, օրակարգի բաժինները, որոնք անընդհատ թարմացվում են»,- նշել է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի Միջազգային կոմիտեի անդամ Արմեն Մորյանը։
Այս տարի «WCIT» ՏՏ համաշխարհային համաժողովը թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։ Համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։
Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից։ WCIT 2019-ի և օրակարգի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.wcit2019.org:
Հայաստանի կառավարությունը ՏՏ-ն հռչակել է տնտեսության զարգացման ռազմավարական ուղղություն։ Երկրի օրենսդրությունը նպաստավոր պայմաններ է ապահովում ՏՏ ոլորտում օտարերկրյա ուղղակի ներդրումների համար: Հետևողական ջանքեր են ներդրվում բարձր տեխնոլոգիական նորարարությունների, էկոհամակարգի զարգացման ու ստարտափների խթանման ուղղությամբ: ՏՏ պրոդուկտի արտահանումների 45 տոկոսն ուղղվում է դեպի Միացյալ Նահանգներ և Կանադա, 25 տոկոսը՝ Եվրոպա, 11 տոկոսը՝ Ասիա և այլն։ Հայաստանում շուրջ 900 ՏՀՏ ընկերություններ կան, ներառյալ համաշխարհային ճանաչում ստացած PicsArt-ը, Softconstruct-ը, Renderforest-ը, Joomag-ը և այլն։
***
«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։