Ազգային ժողովը սկսում է Ընտրական օրենսգրքի և Կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունների գործընթաց, որի արդյունքում կարող են տեղի ունենալ առանցքային փոփոխություններ երկու փաստաթղթերում։
Աշխատանքային խմբի համակարգող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի խոսքով, բավարար ժամանակ ունեն անդրադառնալու բոլոր խնդիրներին՝ խոշորներից մինչև առաջին հայացքից պակաս կարևոր թվացող հարցերի։
«Մենք պրոցեսը վաղ ենք սկսել, որ մենք թեմա առ թեմա շատ մանրամասն կարողանանք անդրադառնալ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Դանիելյանը:
Ընտրական օրենսգրքի ամենաքննադատված կետերից մեկի՝ ռեյտինգային ընտրակարգի վերանայումը կլինի առաջիկա քննարկումների առանցքում։ Պատգամավորի խոսքով՝ այս պահին հստակ միայն կարող է ասել, որ այդ ընտրակարգը «Իմ քայլ»-ի համար ընդունելի չէ։
«Կավելացնեի, ես խոշոր բլոկերն եմ ասում, ընտրական վեճերի բողոքարկման կարգի հետ կապված կարգավորումները, քարոզարշավի տևողություն և ավելի ընդարձակ՝ քարոզարշավի հետ կապված կարգավորումները, միգուցե՝ հանձնաժողովների ձևավորման կարգը, ընտրողների ցուցակներն են խիստ կարևոր, որովհետև տասնամյակներ շարունակ մենք խոսում ենք դրանց ուռճացված լինելու մասին», - նշեց իշխանական խմբակցության պատգամավորը:
Ընտրական օրենսգրքում առկա քննարկման կամ վերանայման ենթակա տասնյակ կետերից է նաև, օրինակ, պատգամավորի թեկնածուին առաջադրվող պահանջների հարցը։ «Ներառյալ, օրինակ, երկքաղաքացիների նկատմամբ արգելանքը, որը պարբերաբար եղել է, այն պահից, ինչ ընդունվել է, մասն է կազմել մեր օրենսդրության, միշտ եղել է <...>, Վենետիկի հանձնաժողովի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի բոլոր զեկույցներում միշտ անդրադարձել են, որ սա խնդրահարույց է: Պետք է դեռ քննարկենք», - ասաց Դանիելյանը:
Այնուամենայնիվ, պատգամավորները կաշխատեն նախ Կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունների նախագծի վրա՝ փորձելով այն իրականություն դարձնել մինչև հունվարի 1-ը։ Նախագիծը մշակելիս մեծ ուշադրություն են դարձնելու կուսակցություննների ֆինանսական աղբյուրների թափանցիկության, հաշվետվողականության ու ներքին ժողովրդավարության հարցերին։
«Եթե ըստ առաջնահերթության ներկայացնեմ, դա կուսակցությունների ֆինանսավորման կարգն է, այսինքն՝ թե՛ մուտքերի, աղբյուրների, ֆինանսական աղբյուրների, թե՛ ծախսերի մասով կարգավորումների թերիությունը և, եթե կուզեք, անգամ սինխրոնիզացիայի պակասը թե՛ օրենսդրական դաշտում և դրա կիրարկման առումով: Բացի դրանից, խնդրահարույց են կարգավորումները, որոնք առնչվում են կուսակցությունների ներքին ժողովրդավարության բաղադրիչին», - նշեց Համազասպ Դանիելյանը: