Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Միրզոյանը՝ մանրամասնելով՝ առաջարկել է տալ ընտրական օրենսգրքի բարեփոխումների մեկնարկը։
«Ես և խորհրդարանական գործընկերներս ձգտելու ենք իրականացնել բարեփոխումներ, որոնք բավարար օրենսդրական և ինստիտուցիոնալ հիմք կստեղծեն 2018թ. դեկտեմբերի 9-ի ազատ, արդար, թափանցիկ ու միջազգային լավագույն չափորոշիչներին համապատասխանող ընտրությունների փորձառությունը կապիտալիզացնելու համար», - գրել է Միրզոյանը՝ շարունակելով. - «Պայմանավորվածություն ենք ձեռք բերել նաև գործընթացը թափանցիկ, արդյունավետ ու ներառական պահելու, այդ թվում և քաղաքացիական հասարակության և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչներին գործընթացում ընդգրկելու վերբերյալ։ Նույն նպատակով շուտով կնախաձեռնեմ նաև թեմայի վերաբերյալ խորհրդարանական լսումներ»։