Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:
Ըստ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջի, խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման գործում ունեցած դերակատարության համար և պատրաստակամություն հայտնել նպաստելու հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը:
Արարատ Միրզոյանը վստահեցրել է, որ մեկնարկած նախաձեռնություններն ու նախանշված ծրագրերը կյանքի կոչելու և արդյունքներ արձանագրելու հարցում նորընտիր Ազգային ժողովը վճռական է:
Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացին` Ազգային ժողովի նախագահը նշել է, որ այն կարևոր պայման է երկրում բարեփոխումներն ու ԵՄ-ի հետ գործընկերությունն ընդհանուր արժեհամակարգի հիման վրա առաջ մղելու համար: Խորհրդարանի ղեկավարն այս հարցում ակնկալել է դեսպանի աջակցությունը:
Միրզոյանը նշել է, որ հայկական կողմը կարևորում է Հայաստանի քաղաքացիների ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման երկխոսության մեկնարկը:
«Կարծում եմ, որ սա ևս լուրջ նվաճում կլինի և հարաբերությունները կհասցնի զարգացման նոր մակարդակի», - ասել է Արարատ Միրզոյանը:
Խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ Եվրոպական միության հետ համագործակցությունն այսուհետ կծավալվի էլ ավելի սերտ՝ ժողովրդավարության խորացման, մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիական հասարակության հետ համագործակցության, խորհրդարանի դերի բարձրացման, վերահսկողական գործառույթների, դատական և ընտրական համակարգի բարեփոխումների և այլ ոլորտներում:
Սվիտալսկին, շնորհավորելով Միրզոյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, կարևորել է այն հանգամանքը, որ նա դարձել է ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանի ղեկավար:
Դեսպանն ընդգծել է, որ նորընտիր Ազգային ժողովն ունի բոլոր հնարավորությունները Հայաստանի Հանրապետությունում իրական պառլամենտարիզմի կայացման համար:
Դեսպանը նաև արժևորել է միջխորհրդարանական կապերի ակտիվացումն ու խորհրդարանական դիվանագիտության դերը Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում:
Դեսպան Սվիտալսկին Եվրոպական միության պատվիրակության անունից պատրաստակամություն է հայտնել ակտիվորեն համագործակցել Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ուղղությամբ՝ հիմք ընդունելով խորհրդարանի կողմից գնահատված կարիքները: