Գլխավոր դատախազությունը հայտարարում է, որ օրերս հրապարակված Սահմանադրական դատարանի որոշման ուժով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու, նրան ազատ արձակելու հիմքեր չկան:
Այսօր տարածած պարզաբանման մեջ Գլխավոր դատախազությունը մանրամասնում է, որ Քոչարյանի փաստաբանական խմբի կողմից տրվել են մեկնաբանություններ, որոնք՝ «հիմնված են որոշման առանձին պարբերությունների մեկուսի դիտարկումների վրա և չեն բխում որոշման իմաստից»։
Բարձր դատարանը անցած շաբաթ հակասահմանադրական էր ճանաչել նախկին նախագահի դիմումում վիճարկվող երկու հոդվածներից մեկը՝ Քրեական դատավարության մասին օրենսգրքի 35-րդ հոդվածը, որն առնչվում է քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին։
ՍԴ-ն արձանագրել է, որ գործառութային անձեռնմխելիությունը, որով օժտված է պաշտոնաթող նախագահը, վիճարկվող հոդվածում որպես քրեական վարույթը բացառող հանգամանք նշված չէ։ Եվ այդ օրենքում չկան Սահմանադրությունից բխող այնպիսի իրավական կարգավորումներ, որոնք հնարավորություն կտային գործառութային անձեռնմխելիությամբ օժտված պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և իրականացնելու ընթացքում գնահատելու, թե արդյոք նրանց վերագրվող գործողությունը կամ անգործությունը բխում է կամ բխել է նրանց ներկա կամ նախկին կարգավիճակից կամ գործունեությունից, թե՝ ոչ:
Եվ ըստ այդմ, Գլխավոր դատախազությունը վկայակոչում է Բարձր դատարանի այս դիրքորոշումը, ըստ որի այդ անձանց գործառութային անձեռնմխելիության առկայության հարցը պետք է լուծվի քրեադատավարական ընդհանուր կարգավորումների շրջանակներում՝ մինչդատական վարույթում քննիչի կամ դատախազի, իսկ դատական վարույթներում՝ դատարանի կողմից: Այսինքն՝ վարույթն իրականացնող մարմինն ինքը պետք է որոշի՝ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող արարքները բխել են նրա՝ որպես անձեռնմխելիություն ունեցող նախագահի կարգավիճակից, թե ոչ։
Սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը, մինչդեռ, դատախազությանը հորդորում է ուշադիր կարդալ ՍԴ որոշումը և հատվածական չմեկնաբանել այն: : Խուդոյանը պնդում է՝ մեկ տարուց ավելի է իրենք հայտարարում են, որ նախագահը չի կարող քրեական հետապնդման ենթարկվել, բայց իրենց լսող չկար և, ըստ փաստաբանի, դա միայն Բարձր դատարանը արձանագրեց:
«Հիմա արդեն եկել հասել ենք էն պրոցեսին, երբ որ արդեն մեր նախաձեռնությամբ ա Սահմանադրական դատարանում վարույթը սկսել, արդեն ունենք էդ որոշումը, որը արձանագրում ա, որ ամբողջ ընթացքում վարույթը եղել է ապօրինի և Գլխավոր դատախազությունը, բնականաբար, հենց նույն կերպ պետք է արձագանքեր, որպեսզի հնարավորինս թաքցներ, որ էս ամբողջ գործը քանդվում ա իրենց անգործության պատճառով», ֊ մեկնաբանեց փաստաբանը:
Դատախազությունը հիշեցնում է՝ ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին չեն մեղսագրվում այնպիսի գործողություններ, որոնք բխում են նրա կարգավիճակից և այդ հանգամանքը գնահատվել է վարույթն իրականացնող քննիչի, դատախազի և դատարանների կողմից՝ իրենց իրավասության շրջանակներում, ինչն էլ, ըստ դատախազության, արձանագրել է Բարձր դատարանը:
Մինչդեռ Հովհաննես Խուդոյանը համաձայն չէ այս դիտարկման հետ։ Վկայակոչում է Բարձր դատարանի որոշման մեկ այլ հատված, ըստ որի Սահմանադրությունը չի ամրագրում հատուկ ընթացակարգ, որի շրջանակներում պաշտոնաթող նախագահին պատասխանատվության ենթարկելու համար հիմք հանդիսացող գործողությունները որևէ պետական մարմնի կողմից կարող են գնահատվել որպես Հանրապետության նախագահի կարգավիճակից բխող կամ չբխող․ ֊ «Սահմանադրական դատարանի որոշումը պարունակում է դրա մասին նշում, սակայն ինչ է ասում, որ՝ այո, վարույթն իրականացնող մարմինը պետք է գնահատի, բայց գնահատման ընթացակարգը առկա չէ, այսինքն չկան այն կանոնակարգումների, որի հիման վրա կարող է դատարանը գնահատել: Այդ պատճառով Սահմանադրական դատարանն ուղղակի նշում է, որ այս օրենսդրական բացը այլ իրավական եղանակով, այդ թվում դատական մեկնաբանություններով հաղթահարվել չի կարող, այդտեղ պետք են օրենսդրական փոփոխություններ»:
Գլխավոր դատախազությունը, եզրահանգելով, ընդգծում է՝ ՍԴ որոշման մեջ տեղ գտած դիտարկումները վերաբերում են բացառապես այն դեպքերին, երբ պաշտոնաթող նախագահին մեղսագրվում են գործողություններ, որոնք բխում են նրա կարգավիճակից։
Գլխավոր դատախազությունը պարզաբանելով ՍԴ որոշումը, նշում է, որ այն պարզապես արձանագրել է, որ վիճարկվող օրենքում չկա դրույթ այն մասին, թե ինչպես պետք է իրավապահները և դատարանը վարվեն գործառութային անձեռնմխելիություն ունեցող պաշտոնատար անձի հետ նրան կալանավորելիս և մեղադրանք առաջադրելիս, եթե նրան մեղսագրվող արարքը բխում է պաշտոնյայի կարգավիճակից։ Հենց այս հարցն է, որ չկա 35 հոդվածում, ընդգծում է Քոչարյանի մեղադրանքը դատարանում ներկայացնող իրավապահ կառույցը: Ավելի պարզ մեկնաբանելով Բարձր դատարանի որոշումը՝ Գլխավոր դատախազությունը պնդում է՝ ՍԴ-ն խնդրահարույց է համարել վիճարկվող հոդվածը այնքանով, որքանով այն չի նախատեսում քրեական գործի վարույթը կարճելու հիմք այն դեպքում, երբ կպարզվի, որ անձն օգտվում է գործառութային անձեռնմխելիությունից և այն չի հաղթահարվել: