Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատաքննությունը կվերսկսվի սեպտեմբերի 12-ին: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցումից հետո գործը առաջին ատյանում մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին:
Նախկին նախագահը Մարտի 1-ի գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ:
Քոչարյանի դատավարությանը ականատես կլինեք ծանր և անակնկալ ցուցմունքների, ասում է Մարտի 1-ի գործով տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը, ով Հրայր Թամրազյանի «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրն էր:
Ստորև՝ հատված հարցազրույցից․
Սեդա Սաֆարյան․ - Եթե իրենք գտնում են, որ Ռոբերտ Քոչարյանը մեղավոր չէ, թող թողեն դատաքննությունն սկսվի, ապացույցները հետազոտվեն, ամեն ինչ իր տեղն ընկնի, գնանք բովանդակային քննարկումների, գնանք բովանդակային կռիվների, գնանք արարքի որակման հետ կապված զուտ իրավական հարթության քննարկումների, բայց էդ ձևական իրավիճակներից հեռանանք, որովհետև դրանք մաշում են բոլորին:
«Ազատություն»․ - Տիկին Սաֆարյան, իսկ Դուք մասնակցելո՞ւ եք այդ դատավարությանը:
Սաֆարյան․ - Այո, մասնակցելու եմ, բնականաբար, դատավարության կողմ եմ՝ մասնակցելու եմ և արդեն պատրաստվում եմ: Գործը ինքը շատ մեծածավալ է՝ 80 հատոր, ինչ ասեմ, մնացյալ գործերը շատ արդեն դժվարություններ կունենամ, որովհետև այս գործի հետ անհամատեղելի են:
«Ազատություն»․ - Այնտեղ կա՞ն այդպիսի տվյալներ, կա՞ն փաստեր, որոնց դեռ հանրությունը տեղյակ չէ, և կարող է դա, ասենք, շատ մեծ անակնկալ լինել գործում:
Սաֆարյան․ - Ես կարծում եմ, որ հանրության համար ցանկացած զինվորականի ցուցմունքի հրապարակում, եթե ոչ ցանկացած, ապա գոնե 70-80 տոկոս զինվորականների և նաև քաղաքացիական անձանց ցուցմունքների հրապարակում, այդ թվում նաև՝ Լեռնային Ղարաբաղից շատերի ցուցմունքների հրապարակում ժողովրդի համար իսկապես կլինի սյուրպրիզ և ծանր անդրադարձ կունենա: Որովհետև այլ բան է, որ մենք իմացել ենք, որ իրավիճակը վատ է, բայց այլ բան է, որ իմանում ես, որ այդքան շատ վատ է եղել: Եվ կոնկրետ փաստեր են վկայակոչվում, և էդ փաստերը, կարծում եմ, որ հերքելու հակափաստարկներ չկան:
Հայաստանի երկրորդ նախագահի փաստաբանական խումբը շաբաթ օրը միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անհապաղ վերացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ։ Նախկին նախագահի պաշտպանները հիմնվել են սեպտեմբերի 4-ին Սահմանադրական դատարանի հրապարակած որոշման վրա, որով հակասահմանադրական է ճանաչվել Քրեական դատավարության օրենսգրքի՝ Քոչարյանի վիճարկած երկու հոդվածներից մեկը:
«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի սեպտեմբերի 8-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․