«Փորձեցինք ֆուտբոլ խաղալ, ստացվեց, բայց պարտվեցինք»․ Հայաստանի հավաքականի մարզիչ

Դրվագ Հայաստան - Իտալիա խաղից, Երևան, 5-ը սեպտեմբերի, 2019թ․

Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի J խմբի Հայաստան- Իտալիա հանդիպումն ավարտվեց հյուրերի 1:3 հաշվով հաղթանակով:

Հայաստանի ընտրանին խաղն ակտիվ սկսեց և կարողացավ գոլ խփել՝ աչքի ընկավ ռուսական «Սոչի»-ի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, խաղակեսի միջնամասում իտալացիներին հաջողվեց հավասարեցնել հաշիվը։ Հայաստանի հավաքականի միակ գոլի հեղինակը առաջին խաղակեսի ավելացրած ժամանակում երկրորդ դեղին քարտը ստացավ ու հեռացվեց խաղադաշտից։

Հաջորդ 45 րոպեները Հայաստանի ընտրանին անցկացրեց 10 հոգով, չնայած դրան՝ կարողացավ մի քանի վտանգավոր հակագրոհներ կատարել, սակայն «Սկուադրա Աձուրա»-ն խաղավարտին կոտրեց մրցակցի պաշտպանությունը և երեք րոպեների ընթացքում երկու գոլ խփեց։

Չնայած պարտությանը՝ Հայաստանի ընտրանու տղաները լավ աշխատանք կատարեցին դաշտում, արձանագրեց գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը:

«Հանդերձարանում էլ ասացի՝ շնորհակալ եմ աշխատանքի համար, երկրորդ խաղակեսը, իմ կարծիքով, նույնպես, առաջին 20 րոպեն և երկրորդ խաղակեսի 25 րոպեն էլի, փորձեցինք ֆուտբոլ խաղալ, ստացվեց, բայց պարտվեցինք 3:1», - ասաց Հայաստանի հավաքականի մարզիչը:

Հայաստանի ընտրանու կազմում եզրային ճեղքումներով աչքի ընկավ Կամո Հովհաննիսյանը, որը մի քանի դրվագներում արագությամբ կարողացավ շրջանցել անվանի մրցակցի մի քանի ֆուտբոլիստների: Գյուլբուդաղյանցն անդրադարձավ նրա կատարած աշխատանքին․ - «Գիտեք, Կամոն մեր մարտիկ ա, մինչև վերջ պայքարում ա, Կամոն դեռ ուժ ուներ, վերջում էլ ցույց տվեց, որ կարող ա խաղա, ճիշտ ա՝ թեթև վնասվածք ստացավ, բայց էդ ուղղակի անցավ»:

Գլխավոր մարզիչն ընդգծեց՝ տղաների մոտ ցանկություն է նկատում․ - «Տեսնում եմ՝ փորձում ենք ֆուտբոլ խաղալ, փորձում ենք ագրեսիվ ֆուտբոլ խաղալ, դեռ ստացվում ա էսքան»:

Գյուլբուդաղյանցի իտալացի գործընկեր Ռոբերտո Մանչինին էլ ասաց՝ խաղը դժվար ստացվեց: «Ես երեկ էլ ասել էի, որ Հայաստանի հավաքականը ֆիզիկապես կարող է մեզ գերազանցել, գուցե նրանց կարմիր քարտն ազդեց խաղի վրա», - նշեց Մանչինին:

5-րդ տուրից հետո Եվրո 2020-ի նախընտրական փուլի J խմբում իրավիճակն այսպիսին է՝ 15 հնարավորից 15 միավոր ունի «Սկուադրա Աձուրա»-ն։ Հունաստանի ընտրանու նկատմամբ տարած հաղթանակից հետո ֆիններն իրենց միավորների քանակը հասցրեցին 12-ի, երրորդ տեղում էլ Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականն է, որն էլ երեկ ջախջախեց Լիխտենշտեյնին։ Հայաստանի հավաքականը խմբում այս պահին չորրորդն է։

Երկու օր անց Հանրապետական մարզադաշտում Բոսնիա և Հերցեգովինային հաղթելու դեպքում հայ ֆուտբոլիստները կրկին կհայտնվեն երրորդ տեղում։ Եթե Ֆինլանդիա-Իտալիա հանդիպումն ավարտվի իտալացիների հաղթանակով, Երևանում էլ հայերը հաջողության հասնեն, Հայաստանի հավաքականը ֆիններից հետ կմնա երեք միավորով։ Դե իսկ հոկտեմբերին ֆինների հետ խաղում հնարավոր կլինի հետ բերել կորցրածը։

Հայաստանի ընտրանին Եվրո 2020-ի նախընտրական փուլը սկսել էր Բոսնիա և Հերցեգովինայի և Ֆինլանդիայի հետ խաղերում պարտություն կրելով, ստացվում է, որ այս թիմերի դեմ պատասխան հանդիպումները վճռորոշ կլինեն։

Հայաստանի հավաքականի ավագ, վերջերս իտալական «Ռոմա» տեղափոխված Հենրիխ Մխիթարյանը խոսելով խաղի մասին՝ ասաց՝ այն լավ էին սկսել։

«Քարտը խանգարեց, բայց կարծում եմ՝ տղաները միչև վերջ պայքարեցին, ցույց տվեցին, որ նույնիսկ 10 հոգով կարելի է խաղալ Իտալիայի դեմ։ Կարող էինք գոլի հեղինակ դառնալ խաղի մեջ առաջ անցնել, բայց ինչ-որ տեղ չհաջողվեց, ֆուտբել է, դրա համար հետո պատժվեցինք», - նշեց Մխիթարյանը։

Հենրիխն անդրադարձավ նաև «Ռոմա» տեղափոխությանը՝ ասելով. «Արսենալ» տեղափոխվել էի Վենգերի ցանկությամբ, հետո արդեն մարզիչը փոխվեց, երևի չգիտեմ ինչ-որ մի բան խանգարում էր, երևի իմ խաղային փիլիսոփայությունը չէր համապատասխանում Էմերի խաղի փիլիսոփայությանը։ Ֆուտբոլ է, ամեն ինչ էլ պատահում է, կարևորը ես իմ երազանքին հասել եմ, միշտ ցանկացել եմ Անգլիայում խաղալ, երազանքս իրականացրել եմ, հիմա արդեն տրամադրվել եմ «Ռոմա»-ի հանդիպումներին»։

Կարմիր քարտի խաղի ընթացքի վրա ազդեցությունը արձանագրեց նաև Կամո Հովհաննիսյանը։

«Կարմիր քարտի պատճառով երկու անգամ ավելի աշխատանք տարանք, ավելի շատ էներգիա ծախսեցինք, իսկ Իտալիան էլ դե սաղի համար պարզ է ինչ հավաքական է, սխալները չի ներում», - ընդգծեց Հովհաննիսյանը։

Հայաստան- Բոսնիա և Հերցեգովինա խաղը կկայանա այս կիրակի, ժամը 17-ին։