Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը «Ազատության» հետ զրույցում հերքեց Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի աշխատանքից ազատման մասին լրատվամիջոցների հաղորդումները:
«Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբերհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը աշխատանքից ազատման դիմում չի գրել, շարունակում է պաշտոնավարել», - ասաց Հարությունյանը:
«Հիշեցնեմ, որ ծառայողական քննություն էր նշանակվել, ծառայողական քննությունը դեռևս շարունակվում է, և ծառայողական քննության ավարտից հետո կկայացվի որոշում», - ընդգծեց Քննչական կոմիտեի խոսնակը:
Ինչ վերաբերում է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանի աշխատանքից ազատման մասին տեղեկություններին՝ Հարությունյանը նշեց․ - «Կոմիտեի նախագահի տեղակալի նշանակման և ազատման լիազորությունները կոմիտեին վերապահված չեն, հետևաբար չեմ էլ կարող մեկնաբանել, որովհետև կոմիտեի նախագահի տեղակալներին մենք չենք ոչ նշանակում, ոչ էլ ազատում»:
Ի պատասխան հարցի՝ տվյալ պահին Ավետիսյանը շարունակո՞ւմ է աշխատել, աշխատանքի գալի՞ս է, Քննչական կոմիտեի խոսնակն ասաց․ - «Չեմ կարող ասել՝ այս պահի դրությամբ շենքում է, թե ոչ, բայց դեռևս․․․ Չեմ էլ կարող մեկնաբանել, որովհետև դա իմ մեկնաբանությունների տիրույթում չի»:
Այսօր ավելի վաղ «Ազատությանը» հաջողվել էր կապ հաստատել քննիչ Իվանյանի հետ, սակայն նա ասել էր, թե չի ցանկանում խոսել, այդպես էլ չհերքելով տեղեկությունը՝ արդյո՞ք ազատվել է աշխատանքից:
Օրերս հայտնի դարձավ, որ Յուրա Իվանյանը և բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը, ով 2016-ին հաստատել է Ամուլսարի հանքի շահագործման փորձաքննական եզրակացությունը, ազգականներ են, Քննչական կոմիտեում ծառայողական քննություն նշանակվեց: